Մեր հույսը նոր վարչապետն է. Բյուրեղավանի ապակե տարաների գործարանի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձը

11:53 • 29.09.16

Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա են անցկացնում Բյուրեղավանի ապակե տարաների գործարանի՝ «Glass world company»-ի 30-ից ավելի նախկին աշխատակիցներ:

Նրանք պնդում են, որ սնանկացած գործարանը իրենց պարտք է 5 ամսվա աշխատավարձ: Ընդ որում, խոսքը վերաբերում է բարձր աշխատավարձերին՝ յուրաքանչյուրի պարտքի չափը հասնում է 500-ից մինչև 1 միլիոն դրամի:

Նրանց խոսքով, թեև կա դատարանի վճիռ ի օգուտ նախկին աշխատակիցների, բայց գործարանը գումարները չի վճարում: Երեք տասնյակից ավելի աշխատակիցները պնդում են, որ գործարանը պարտք է 150-ից ավելի աշխատակիցների:

«Մեր հույսը նոր վարչապետն է: Եկել ենք, ասենք, որ եթե իրական փոփոխություններ է ցանկանում կատարել և ժողովրդի մասին մտածում է, ապա նաև մեր խնդիրը պետք է ուշադրության կենտրոնում պահի: Նախկին վարչապետը խոստումներ էր տվել, բայց պարտքի մի մասը ընդամենը տվեցին, այն էլ՝ ցածր աշխատավարձ ստացողներինը»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց գործարանի նախկին աշխատակից Սևան Մանուչարյանը:

Նախկին աշխատակիցները նաև նկատեցին, որ բազմաթիվ ծախսեր ունեն հոգալու, բայց եկամտի հիմնական աղբյուր չունեն, որովհետև գործարանի սնանկացումից հետո մնացել են առանց աշխատանքի:


Անի Գևորգյան