ԱՄՆ-ում բժիշկը երեխաների համար պատվաստանյութի մեջ կատվի թուք ու օղի է ավելացրել
ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել մի բժիշկ, որը 10 տարուց ավելի երեխաների համար նախատեսված այլընտրանքային պատվաստանյութեր է ստեղծել՝ դրանց մեջ ավելացնելով կատվի թուք և օղի:
Ինչպես նշում է The Guardian-ը, բժիշկ Մին Տե Լինը հարցաքննության ժամանակ խոստովանել է տվյալ բաղադրիչների օգտագործման մասին՝ մանրամասնելով, որ իր ստեղծած պատվաստանյութը ստացած երեխաների թվում եղել է նաև 7 օրական նորածին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Իլինոիս նահանգի իշխանությունները, ելնելով հանրության անվտանգության նկատառումներից, Լինին զրկել են բժշկական արտոնագրից:
Հայտնի է, որ իրավապահները սկսել են Լինի գործունեությամբ հետաքրքրվել, երբ տեղեկացել են, որ նրա ստեղծած պատվաստանյութերը հաստատված չեն իշխանությունների կողմից:
Նշվում է, որ բժշկի աշխատասենյակի խուզարկության արդյունքում հայտնաբերվել են չմանրէազերծված գործիքներ ու նյութեր, որոնցով էլ պատրաստվել են պատվաստանյութերը:
Լինի գործով առաջին դատական լսումը կայանալու է հոկտեմբերի 11-ին:










