Ֆիրդուսի ու Կոնդ թաղամասի բնակիչները կառավարության շենքի մոտ փակեցին դեպի Տիգրան Մեծ տանող ճանապարհը (տեսանյութ)

13:18 • 29.09.16

Իրացված 33-րդ՝ Ֆիրդուսի և Կոնդ թաղամասերի նախկին բնակիչները քիչ առաջ մի քանի րոպեով փակել էին կառավարության շենքի մոտից Տիգրան Մեծ փողոց տանող ճանապարհը` պահանջվելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում:

Նրանք հիշեցնում են, որ իրենց բնակարանների փոխհատուցման խնդիրը արդեն 10-ը տարի է ձգձգվում, և 250 ընտանիքի չի տրվում համարժեք փոխհատուցում:

Ոստիկանությունը բացեց ճանապարհը րոպեներ անց:

Հիմա բնակիչները սպառնում են, որ նորից կփակեն ճանապարհը, եթե չհանդիպեն նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին և նշում, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս իրենց խոստումներ էր տվել, ընթանում էր տների փոխհատուցման գործընթաց, որը հիմա կանգնեցվել է։

Նշենք, որ գերակա շահ ճանաչված թաղամասի ներկայիս կառուցապատողը «Գլենդել Հիլզ» ընկերությունն է, իսկ նախկինում`«Դաունթաուն» և այլ ֆիրմաներ:

Այս պահին բնակիչները զրուցում են կառավարության շենքի մոտ եկած ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

Բնակիչները ներկայացնում են իրենց խնդիրները, պատմում, որ ժամանակին եղել է ժամանակացույց, ըստ որի՝ արդեն 2012-ին իրենց պետք է հատկացված լինեին բոլոր բնակարանները:

Նշենք, որ նրանք այն բնակիչներն են, որոնց հաջողվել էր հանդիպել Նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ բողոքի ցույց անելով կառավարական առանձնատան դիմաց:


Անի Գևորգյան