Երուսաղեմում հրաժեշտ են տալիս Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսին (լուսանկարներ)
Իսրայելի խորհրդարանի շենքի առաջ գտնվող հրապարակում ընթանում է երկրի նախկին նախագահ Շիմոն Պերեսի վերջին հրաժեշտի արարողությունը: Վարչապետ Բինյամին Նեթանյահուն և նախագահ Ռեուվեն Ռիվլինը ծաղկեպսակներ են դրել Պերեսի հիշատակին:
Իսրայելի իններորդ նախագահի մարմնով դագաղը Թել Ավիվից Երուսաղեմ են տեղափոխել այսօր առավոտյան: Նրան հրապարակ են բերել բաց ռազմական ավտոմեքենայով՝ հատուկ նշանակության ջոկատի ուղեկցությամբ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Դագաղը կմնա Կնեսեթի շենքի առաջ մինչ երեկո, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան հարգանքի տուրք մատուցել և հրաժեշտ տալ նախագահին: Սգո արարողությանն անվտանգությունն ապահովում է 7.000 ոստիկան:
Շիմոն Պերեսին կհուղարկավորեն վաղը՝ կեսօրին: Արարողությանը ներկա կլինեն 80 երկրից պատվիրակություններ:
Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը մահացել է լույս սեպտեմբերի 28-ին հիվանդանոցում, 93 տարեկանում:















