Հրվ. Կորեայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը Հս. Կորեայի ռազմական օբյեկտներին հարված հասցնելու պլան կմշակեն
Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն առաջին անգամ համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է հարավկորեական ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, գրում է ТАСС-ը:
«Այս տարվա նոյեմբերի 4-10-ը նախատեսվում է պատմության մեջ առաջին անգամ եռակողմ զորավարժություններ կազմակերպել Սեուլից 70 կիլոմետր հարավ գտնվող Օսան ռազմաբազայում»,- նշվում է հաղորդագրությունում:
«Invincible Shield անվանումով զորավարժություններն ուղղված են Հյուսիսային Կորեայի գլխավոր ռազմական օբյեկտներին օդային հարվածների մշակմանը, ղեկավարության նստավայրերի ոչնչացմանը, ինչպես նաև ինքնաթիռներ «որսալուն»»,- ընդգծել է ռազմաօդային ուժերի հրամանատարությունը:
Զորավարժություններին մասնակցելու համար Մեծ Բրիտանիան պատրաստվում է ուղարկել 4 հատ Eurofighter Typhoon ինքնաթիռ, Voyager և C-17 Globemaster: Հարավային Կորեայից թռիչքներին կմասնակցեն F-15K և KF-16 կործանիչներ, ԱՄՆ-ից՝ F-16:
«Այդ զորավարժությունների շնորհիվ երեք երկրների օդաչուները կկարողանան բարելավել համատեղ գործողություններին մասնակցության հմտությունները և բարձրացնել մարտական պատրաստությունը Կորեական թերակղզում հակամարտության առաջացման դեպքում»,- նշել է հրամանատարությունը:










