Պորոշենկոն մեկնաբանել է MH17-ի կործանման հարցում Ռուսաստանի ներգրավվածության վերաբերյալ զեկույցը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ գոյություն ունեն ապացույցներ, որոնք հաստատում են, թե ով է մեղավոր Դոնբասի երկնքում տեղի ունեցած ավիավթարի համար: Այդ մասին հայտնում է պետության նախագահի մամուլի ծառայությունը, գրում է korrespondent.net-ը:
«Այսօր Միջազգային քննչական խմբի այդ գործում վերջակետ է դրվել. նրանք հաստատում են, որ ինքնաթիռի ընկնելու պատճառը եղել է «Բուկ» ռուսական զենիթահրթիռային համալիրի արձակած հրթիռի վրա տեղադրված մարտական մասի պայթյունը: Ապացուցվել է, որ «Բուկ»-ը մեր տարածք է բերվել Ռուսաստանի Դաշնության տարածքից: Հանցագործությունից հետո, երբ ահաբեկիչները փորձում էին թաքցնել իրենց հետքերը, այդ «Բուկ»-ը շտապ դուրս է բերվել ուկրաինա-ռուսական սահմանից»,- սեպտեմբերի 28-ին՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստին հայտարարել է Պորոշենկոն:
Նրա կարծիքով՝ չորեքշաբթի հայտարարված Միջազգային քննչական խմբի նախնական հետաքննության արդյունքներն ապացույցներ են տրամադրել, որ Ռուսաստանը և նրա գրոհայինները ներգրավված են ահաբեկչական ակտին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Միջազգային քննչական խումբը, որը զբաղվում է Ուկրաինայի օդային տարածքում 2014 թվականին «Բոինգի» կործանման հանգամանքների հետաքննությամբ, հայտարարել է, որ Մալայզիական ավիաուղիների ինքնաթիռը կործանվել է Ռուսաստանից բերված «Բուկ» զենիթահրթիռային համալիրից:
«Բոինգ»-ը կործանվել է 2014 թվականի հուլիսի 17-ին: 2015 թվականին Նիդեռլանդների անվտանգության խորհուրդը եկել է եզրակացության, որ 298 մարդ տեղափոխող ինքնաթիռը խոցել են «Բուկ»-ից:










