Վաշինգտոնը դադարեցնում է Մոսկվայի հետ համագործակցությունը Սիրիայի հարցով. Reuters

21:00 • 29.09.16

Վաշինգտոնը սեպտեմբերի 29-ին հայտարարել է Մոսկվայի հետ սիրիական հակամարտության կարգավորման հարցի շուրջ դիվանագիտական համագործակցության դադարեցման մասին: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ամերիկյան պաշտոնյաներին:

Նախօրեին Ռուսաստանի հետ այս հարցով համագործակցության դադարեցման մասին նախազգուշացրել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում Քերին Մոսկվայից պահանջել էր ճնշում գործադրել Դամասկոսի վրա, որ սիրիական զորքերը դադարեցնեն գրոհը Հալեպի ուղղությամբ:

Պետդեպում նաև հայտարարել են, որ իրավիճակը Սիրիայում անդադար վատթարանում է:

ՌԴ ԱԳՆ-ում ամերիկյան կողմի հայտարարությունը շանտաժ են անվանել: Ռուսական ղեկավարությունն, իր հերթին, կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն, Մոսկվային մեղադրելով բոլոր մահացու մեղքերի համար, փորձում է քողարկել  Սիրիայի հարցով իրենց պարտականությունները կատարելու անկարողությունը: