Ներկայիս 30-ամյա բրիտանացիներն ավելի աղքատ են նախորդ սերունդներից
1980-ականների սկզբին ծնված բրիտանացիները դարձել են առաջին հետպատերազմյա սերունդը, որոնք 30 տարեկան հասակում ավելի քիչ եկամուտ ունեն, քան իրենցից 10 տարի առաջ ծնվածները: Այդ մասին ասված է Ֆինանսական հետազոտությունների բրիտանական ինստիտուտի զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ներկայիս 30-ամյա բրիտանացիները միջինն ունեն 27 հազար ֆունտ (35 հազար դոլարից փոքր- ինչ ավելի): Այդ տարիքում 1970-ականներին ծնվածները միջինն ունեին 53 հազար ֆունտ:
Հետազոտությունում որպես կարողություն հաշվի են առնվել անշարժ գույքի արժեքը, ֆինանսական ակտիվները և թոշակի համար կուտակված գումարները:
Մասամբ դա կապված է նրա հետ, որ բնակչության եկամուտները փաստացիորեն դադարել են աճել: Նշվում է, որ 2008-2009 թվականնների տնտեսական ճգնաժամից և հետագայում տնտեսության դանդաղ աճից ավելի շատ տուժել են հենց երիտասարդների եկամուտները և զբաղվածությունը:
Հետազոտության համաձայն՝ 30 տարեկան հասակում բրիտանացիների միայն 40 տոկոսն ունի անշարժ գույք: Նախորդ հետպատերազմյա սերունդներում անշարժ գույք ուներ առնվազն 55 տոկոսը:










