ՏԻՄ ընտրություններին վանաձորցիների 30,3%-ը կքվեարկի ՀՀԿ-ի օգտին, թեև 44,7%-ը միանշանակ դժգոհ է գործող ՀՀԿ-ական քաղաքապետից. հարցում
Հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչությունը սեպտեմբերի 23-ից սեպտեմբերի 29-ը սոցհարցում է իրականացրել Վանաձորում, որին մասնակցել է 600 մարդ:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Վանաձորի խնդիրների վերաբերյալ հարցմանը մասնակից քաղաքացիների 62.3%-ը նշել է ճանապարհների խնդիրը, 35,5%-ը՝ աշխատատեղերի խնդիրը, 34.5 %-ը՝ աղբահանության խնդիրը, 23,2%-ը՝ լուսավորության խնդիրը, 11,5%-ը՝ կանաչապատման խնդիրը, 11,3%-ը՝ աղքատության խնդիրը, 4,4%-ը՝ արտագաղթի, 3,8%-ը՝ հասարակական տրանսպորտի, 2,1%-ը՝ առողջապահական ծառայության ցածր մակարդակի խնդիրները, իսկ 18,2%-ը նշել են այլ խնդիրներ»,-ասաց Նավասարդյանը:
«Գո՞հ եք արդյոք գործող քաղաքապետի աշխատանքից» հարցին վանաձորցիները հետևյալ պատասխանն են տվել՝ 11,3%-ը դժվարացել է պատասխանել, 44,7%-ը միանշանակ դժգոհություն է հայտնել, 19,8%-ը պատասխանել է՝ ավելի շուտ ոչ, 16,3%-ը՝ ավելի շուտ այո, 7,8%-ը՝ միանշանակ այո:
Նշենք, որ Վանաձորի գործող քաղաքապետը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Սամվել Դարբինյանն է: 2012-ի ընտրություններին Դարբինյանի օգտին քվեարկել էր 21 321 ընտրող:
Նավասարդյանը հայտնեց, որ հարցմանը մասնակցած վանաձորցիների 86,8%-ը մասնակցելու ՏԻՄ ընտրություններին, 8,7%-ը չի մասնակցելու, իսկ 4,5%-ը դեռ չի կողմնորոշվել:
Բանախոսը նաև ներկայացրեց, թե ըստ հարցման որ կուսակցությանն են տալու իրենց ձայները վանաձորցիները. «2,3%-ը պատասխանել է՝ ոչ մեկին, 29,8%-ը հրաժարվել է պատասխանել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին պատրաստվում է քվեարկել հարցվածների 0,4%-ը, «Հայկական վերածննդի» օգտին՝ 2,7%-ը, ՀՀԿ-ի օգտին՝ 30,3%-ը, ՀՅԴ-ին՝ 2,3%, ՀԱԿ-ին՝ 0,2%, «Համախմբում» կուսակցությանը՝ 0,8%-ը, «Լուսավոր Հայաստանին»՝ 6,9%-ը, ԲՀԿ-ին՝ 3,5%-ը»:
Արամ Նավասարդյանը նաև տեղեկացրեց, որ վանաձորցիների մեծամասնությունը՝ հարցվածների 49 %-ը, պատասխանել է, որ քաղաքապետը պետք է մտածի ժողովրդի մասին:
Հիշեցնենք, որ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն։ ՀՀԿ ցուցակը գլխավորում է Մամիկոն Ասլանյանը՝ նոտար, ԲՀԿ ցուցակը գլխավորում է Այծեմնիկ Օհանյանը՝ բժշկուհի, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է Քրիստ Մարուքյանը՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրը, «Համախմբում» կուսակցության ցուցակը գլխավորում է Վահան Ղույումչյանը՝ դոցենտ, ՀԱԿ-ի ցուցակը գլխավորում է Ռուբեն Ոսկանյանը՝ ՍՊԸ-ի տնօրեն, ՀՅԴ ցուցակը գլխավորում է Նելսոն Մամուլյանը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական ծրագրերի պատասխանատու, «Հայկական վերածննդի» ցուցակը՝ Արկադի Փելեշյանը՝ Վանաձորի ավագանու անդամ, «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է ուսուցիչ Արամ Խաչատրյանը:
















