Այսօր Թարգմանչի միջազգային օրն է

11:36 • 30.09.16

1991թ. Թարգմանիչների միջազգային ֆեդերացիան սահմանել է մասնագիտական տոն՝ Թարգմանչի միջազգային օրը (International Translation Day), որը նշվում է սեպտեմբերի 30-ին:

 

Ինչպես նշում է calend.ru-ն,  ամեն տարի այս օրն աշխարհի տարբեր երկրներում նշվում է մարդկության պատմության մեջ ամենակարևոր մասնագիտություններից մեկի տեր անձանց տոնը: Առանց նրանց՝ թարգմանիչների, գրական ստեղծագործությունները, ֆիլմերը, գիտության և տեխնիկայի կարևոր նվաճումները հասանելի չէին լինի ամբողջ աշխարհին, և որ ամենակարևորն է՝ մոլորակի տարբեր անկյուններում բնակվող մարդիկ չէին կարողանա շփվել իրար հետ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ տոնի օրը պատահականության սկզբունքով չի ընտրվել: 420թ. սեպտեմբերի 30-ին մահացել է գրող, պատմաբան, թարգմանիչ և թարգմանիչների հովանավոր համարվող Սուրբ Հերոնիմոսը (342‑420թթ.), որը լատիներեն է թարգմանել Աստվածաշունչը:

 

Հայտնի է, որ ամեն տարի Թարգմանչի միջազգային օրվա շրջանակում անցկացվող միջոցառումները (կոնգրեսներ, համաժողովներ, կորպորատիվ խնջույքներ, լուսավորչական ակցիաներ, կլոր սեղաններ ու սեմինարներ) նվիրված են լինում կոնկրետ թեմայի: