Նիդեռլանդների ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ MH17-ի հետաքննության քննադատության պատճառով

17:22 • 30.09.16

Նիդեռլանդների արտգործնախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին, հայտնում է Reuters գործակալությունը: Նշվում է, որ դեսպանը կանչվել է 2014 թվականին Ուկրաինայի արևելքում Malaysia Airlines-ի Boeing MH17 ինքնաթիռի վթարի միջազգային հետաքննության արդյունքների վերաբերյալ Մոսկվայի քննադատության առնչությամբ:

Նիդեռլանդների արտգործնախարար Բերտ Կունդերսը հայտարարել է, որ ռուսական արձագանքը քննության եզրակացությանն «կասկածի տակ է դնում քննիչների ազնվությունը, պրոֆեսիոնալիզմը և անկախությունը»: Ռուսաստանի դեսպանին հայտնել են, որ նման անհիմն քննադատությունն անթույլատրելի է:

Ավելի վաղ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը ցավում է Ուկրաինայում Boeing MH17-ի վթարի հետաքննության ցածր որակի համար: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ միջազգային քննչական խմբի հետաքննության արդյունքները 2014 թվականի ամռանը Ուկրաինայի MH17 չվերթի կործանման վերաբերյալ չի կարելի անվանել «վերջնական ճշմարտություն»:


Միջազգային քննչական խումբը հետաքննության արդյունքներով եկել է եզրակացության, որ Դոնբասում MH17 չվերթի ինքնաթիռը կործանվել է հրթիռի հարվածից, որն արձակվել է ապստամբների հսկողության տակ գտնվող տարածքից, իսկ հրթիռը բերվել է Ռուսաստանից: