Զախարովան ՌԴ-ի հետ համագործակցությունից ԱՄՆ-ի հրաժարվելն «ահաբեկիչներին նվեր» է անվանել
Ահաբեկիչներին լավագույն նվերը կլինի սիրիական խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի հետ համագործակցությունից ԱՄՆ-ի հրաժարվելը: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է lenta.ru-ն:
Այդպես նա մեկնաբանել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերի հայտարարությունը, որով նա Սիրիայի և Ռուսաստանի ուժերի գործողությունները տարածաշրջանի ահաբեկչական խմբավորումների համար նվեր է անվանել:
«Եվ եթե փոխգործակցության դադարեցման մասին Վաշինգտոնից հնչող սպառնալիքները վերածվեն ձևակերպված որոշումների, ապա այլևս կասկածներ չեն լինի՝ Սպիտակ տունը գրոհայիններին առել է իր թևի տակ, և ահաբեկիչների փողոցում մեծ տոն է»,- ընդգծել է Զախարովան:
Խոսելով ահաբեկիչներին նվերների մասին՝ նա նաև հիշատակել է «Ջեբհաթ ան Նուսրա»-ի և «չափավոր ընդդիմության» կապերի, գրոհայիններին մարդասիրական օգնության մատակարարման և «Իսլամական պետության» դեմ կռվող սիրիական բանակին ուղղված ռմբակոծությունների մասին:
Վաշինգտոնը սեպտեմբերի 29-ին հայտարարել էր Մոսկվայի հետ սիրիական հակամարտության կարգավորման հարցի շուրջ դիվանագիտական համագործակցության դադարեցման մասին: Այս մասին հաղորդել էր Reuters-ը` վկայակոչելով ամերիկյան պաշտոնյաների:










