Ղրղզստանի նախագահը բուժման նպատակով դեռ Մոսկվայում է
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը շարունակում է բուժումը Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, գրում է РИА Новости գործակալությունը:
Գործակալությանն այս մասին հայտնել է Մոսկվայում Ղրղզստանի դեսպանատան մամուլի կցորդ Գյուլբարչըն Բեյըմբետովան: Վերջինս նաև հավելել է, որ նախագահը, ամենայն հավանականությամբ, դուրս կգրվի շաբաթ օրը:
«Երեկ ասում էին, որ դուրս գրման թղթերն են պատրաստում: Պետք է ուրբաթ դուրս գրեին: Բայց դուրս չգրեցին»,- ասել է Բեյըմբետովան:
Ամեն դեպքում, դեսպանատանը հուսով են, որ նախագահը դուրս կգրվի շաբաթ օրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աթամբաևը ռուսական կողմի հրավերով ժամանել է Մոսկվա՝ բուժման կուրսն ավարտելու համար:
Հիշեցնենք, որ Ղրղզստանի նախագահի մոտ առողջական խնդիրներ էին ի հայտ եկել Նյու Յորք մեկնելու ճանապարհին, որտեղ նա պետք է մասնակցեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով վերջինս վերադարձել էր:










