«Մեր տան մոտ ոչ թե կրակոցներ են եղել, այլ ճայթուկ է պայթել». Գեղամավանի գյուղապետ
Հոկտեմբերի 2-ին գյուղապետի ընտրություններին սպասող Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի գյուղապետ, Մնացական Վարդանյանը երեկ քարոզչության ավարտից հետո դիմել է ոստիկանություն՝ ահազանգելով, որ իր տան մոտով անցնող մեքենաներից կրակոցներ են հնչել:
Tert.am-ի հետ զրույցում այսօր ՀՀԿ-ական գյուղապետ Մնացական Վարդանյանն ասաց, որ դա ոչ թե կրակոց, այլ ճայթուկ է եղել: «Ոստիկանությունը պարզել ա, որ դա զենքի ձայն չի եղել, այլ ճայթուկ է եղել: Անմիջապես իմ զանգից հետո եկել, ստուգել են, պարզել են, որ դա էդպես ա»,-ասաց գյուղապետը:
Հստակեցմանը, թե համոզվա՞ծ է, որ կրակոց չի եղել, պատասխանեց. «Իհարկե, եթե ոստիկանությունը եկել, պարզել է, ես ո՞նց կարող եմ համոզված չլինել: Գյուղամեջը մեր տան կողքն է: Հիմա էդ մեքենան, որ անցել է, դրա միջից էր, թե դրանից 30 մետր այն կողմ էր, ես կարո՞ղ էի իմանալ»,-ասաց գյուղապետը:
Tert.am-ի հարցին, թե հնարավոր է ճայթուկը իրեն վախեցնելու համա՞ր էր, գյուղապետն ասաց. «Չգիտեմ, որևէ բան ասել չեմ կարող: Ես կրակոցը չեմ տարբերում պայթուցիկից, էդ նույն բանն ա: Ես դա չգիտեմ, չեմ կարող ասել: Ո՞նց կարող եմ մարդկանց վրա շառ անել»:










