Ֆիլիպինների նախագահը հրաժարվել է Հիտլերի հետ նմանության մասին խոսքերից

16:00 • 01.10.16

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հրաժարվել է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ իրեն նմանեցնելու մասին խոսքերից: Այդ մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 1-ին հայտնել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը Facebook-ի իր պաշտոնական էջում:


«Հիտլերը սպանել է երեք միլիոն անմեղ քաղաքացի, մինչդեռ Դուտերտեն խոսել է երեք միլիոն թմրավաճառ «սպանելու իր պատրաստակամության» մասին՝ հաջորդ սերնդի ապագան և երկիրը փրկելու համար»,- ասված է հայտարարությունում:


Նշվում է նաև, որ Դուտերտեի խոսքերը համատեքստից դուրս են ներկայացվել. նախագահը նկատի է ունեցել, որ ոչ թե ինքը, այլ լրագրողներն են համեմատում թմրավաճառների դեմ նրա պայքարը Հիտլերի գործունեության հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ իրեն համեմատելով ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ:

Լրագրողների առաջ ելույթի ժամանակ Դուտերտեն ասել է, որ որոշ քննադատներ իրեն ընկալում են որպես «Հիտլերի զարմիկ»:

Նշելով, որ Հիտլերը սպանել է միլիոնավոր հրեաների, Ֆիլիպինների նախագահն ասել էր. «Ֆիլիպիններում ապրում է 3 մլն թմրամոլ: Ես երջանիկ կլինեի՝ սպանելով նրանց բոլորին: Եթե Գերմանիան Հիտլեր է ունեցել, ապա Ֆիլիպիններն ունի…»: Այս խոսքերից հետո Դուտերտեն դադար էր վերցրել ու մատնանշել ինքն իրեն: