Նյու Յորքն ավելի քան $6 մլն կհատկացնի ոստիկանների հագուստին ամրացվող տեսախցիկների համար

17:27 • 01.10.16

Նյու Յորքի իշխանությունները որոշում են կայացրել հագուստի վրա ամրացվող հազար հատ տեսախցիկ գնել ավելի քան 6 միլիոն դոլարով, հայտնում է New York Daily News-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:


Ինչպես գրում է լրատվամիջոցը, հինգ տարվա ընթացքում քաղաքի իշխանությունները 6 միլիոն 425 հազար դոլար կտրամադրեն տեսախցիկների համար, որոնք օգտագործում են այսպես կոչված «ամպային պահեստ» նկարահանված նյութերի համար:

Տեսախցիկները հասանելի կլինեն 20 ոստիկանական բաժանմունքում 2017 թվականի սկզբին:

Դաշնային դատարանի ներկայացուցիչն ուսումնասիրելու է, թե ինչպես են այդ տեսախցիկներն ազդում ոստիկանների գործողությունների, ինչպես նաև ոստիկանների հասցեին բողոքների և դատական հայցերի թվի վրա: Ստացված արդյունքները համեմատվելու են 20 այլ ոստիկանական բաժանմունքների տվյալների հետ, որտեղ դեռ դրանք չեն օգտագործվելու:

Այս քայլն իրականացվում է անզեն աֆրոամերիկացիների վրա ոստիկանների կրակելու աղմկահարույց դեպքերի առթիվ և իրավապահների նկատմամբ հսկողությունն ավելացնելու կոչերի ֆոնին: