Ինչո՞ւ է սրտի ստենդավորումը Վրաստանում մոտ 240 հազ., իսկ Հայաստանում՝ 1,1 մլն դրամ
Չնայած Հայաստանում վերջերս կառավարության նախաձեռնությամբ սրտի ստենդավորման գներն իջեցնելու քայլեր են արվում և հիմա նախկին 1,8 մլն դրամի փոխարեն ստենդավորումը հնարավոր է կատարել 1,1 մլն դրամով, Վրաստանի համեմատ Հայաստանը շարունակում է ոչ մրցունակ լինել ստենդավորման հարցում, իսկ Հայաստանի քաղաքացիները շարունակում են գնալ Վրաստան՝ օգտվելու ստենդավորման ծառայություններից:
Ստենդավորումը հարևան Վրաստանում արժե 500 դոլար՝ մոտ 240,000 դրամ, ինչը մի քանի անգամ էժան է հայաստանյան գներից՝ չնայած անգամ մոտ 700 հազար դրամով էժանացմանը:
Մյուս կողմից, ըստ սրտաբանների, Հայաստանում խնդիր է մնում սրտի հիվանդությունների պատճառով երիտասարդ մահացության բարձր տոկոսը:
«Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Սարկիսովը Tert.am-ի հարցին, թե ինչո՞ւ է նման տարբերություն գների և նույն ստենդավորումը Վրաստանում մոտ 240 հազար դրամ է, իսկ Հայաստանում ավելի քան 4 անգամ թանկ, ասաց, իրականում ամեն ինչ այդքան էլ այդպես չէ։
«Նախ՝ մի քանի անգամ չի: Հետո դա շատ բան է իր մեջ ընդգրկում: Երբ որ մենք ենք ստենդը դնում, 6 ամիս մենք մեր հիվանդին կարողանում ենք պահել մեր հսկողության տակ: Նրանք, ովքեր վազում են, Վրաստանում են անում ստենդավորումը, հետո մնում են առանց բժշկի փաստորեն, կամ պետք է նորից այցելեն Վրաստան, որն իհրակե էդքան էլ հեշտ չէ իրենց համար»,– ասաց նա:
«Մենք ուրախ ենք, եթե Վրաստանում կարողանում են ավելի էժան ձեռք բերել ստենդները և ավելի մատչելի լինի բնակչության համար, բայց մենք չգիտենք էդ ստենդների որակը, և էնտեղ լավ է աշխատում ապահովագրական համակարգը, դրա համար 500 դոլար լիներ կամ միլիոն լիներ, մեկ է, էնտեղի բնակչությունն այդ հարցում ավելի ապահովված է»,– ավելացրեց Ալեքսանդր Սարկիսովը:
Դիտարկմանը, թե այսինքն՝ Հայաստանում այդ համակարգը չի՞ աշխատում, «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի» տնօրեն պատասխանեց. «Աշխատում է, բայց հուսով եմ, որ մոտակա ժամանակ ավելի լավ կաշխատի»:
Ըստ Սարկիսովի՝ բժշկական ծառայությունների բյուջեն պետք է ավելանա. «Մնացած ամեն ինչը կառավարությունն անում է և շատ ջանքեր է դնում: Ոլորտի հիմնական խնդիր ժամանակակից գործիքներով ապահովելն է ինստիտուտին: Շատ բանի կարիք ունենք»,-ասաց Սարկիսովը:
Ըստ սրտաաանի՝ «Stent for life» ծրագիրը, որը ժամանակ առաջ կիրառեց կառավարությունը, շատ ընտանիքներին օգնեց։ «Որովհետև սուր ինֆարկտով, որ բերում են հիվանդին, մենք հնարավորություն ունենք նրան դնենք մեկ ստենդ»,– պարզաբանեց նա:
Ծրագրի համաձայն` այն քաղաքացին, ում մոտ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ, պետական ծրագրով կարող է անհապաղ և անվճար հիմունքով վիրահատվել: Պարտադիր կետերից է, որ հիվանդը բժշկի օգնությանը դիմի սրտի տագնապի առաջին 12 ժամվա ընթացքում: Բացառություն են կազմում միայն այն քաղաքացիները, որոնք ներառված են սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում:
Վիրահատության ժամանակ տեղադրվում է մեկ հատ ոչ դեղապատ ստենդ: Չնայած դեղապատ ստենդն ավելի արդյունավետ է այն իմաստով, որ սրտանոթի խցանման կրկնակի հավանականությունը փոքրանում է, սակայն դեղապատ ստենդ տեղադրելը ֆինանսական լուրջ միջոցների հետ է կապված:
Նկատենք, որ սրտանոթային հիվանդությունները մեր հանրապետությունում բարձր տոկոս են կազմում, տարեկան 3000-3500 անձ սրտի ստենդավորման անհրաժեշտություն է ունենում:










