«Սասնա ծռերի» անդամ Թաթուլ Թամրազյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգվել է

12:02 • 01.10.16

Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Թամրազյանի փաստաբան Մոնիկա Մարգարյանը:

«Կալանքի ժամկետը երկարաձգվեց, իսկ միջնորդության քննությանը Թաթուլ Թամրազյանը հրաժարվեց մասնակցել»,- ասաց Մարգարյանը և հավելեց, որ պաշտպանական կողմի հետագա քայլերը չի հրապարակի:

Նշենք, որ Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել և 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 218-րդ հոդվածով՝ պատանդ վերցնելը:

Հիշեցնենք, որ Թաթուլ Թամրազյանը վիրավորվել էր հուլիսի 17-ին՝ ոստիկանության ՊՊԾ գնդից «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել ներքին արյունահոսությամբ ու ծանր վիճակում՝ կյանքին սպառնացող վտանգով: Նա ստացել էր որովայնի ձախ կեսի հրազենային վիրավորում և մի շարք վիրահատությունների ենթարկվել, հեռացվել էր նրա ձախ երիկամը, հաստաղու մի հատվածը:

Օգոստոսի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի պաշտպանական կողմի՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: