Եթովպիայում հրմշտոցի ժամանակ 50 մարդ է մահացել (լուսանկարներ)

17:39 • 02.10.16

Եթովպիայի իշխանությունները հաստատել են տեղեկությունները, որոնց համաձայն երկրի մայրաքաղաք Ադիս Աբեբայի մոտակայքում կիրակի օրը տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ քաղաքացիներ են մահացել, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Օրոմիա շրջանում անցկացվող կրոնական փառատոնի ժամանակ, որի մասնակիցները հանդես են եկել կառավարության դեմ:

Ըստ նախնական տվյալների` հրմշտոցը սկսվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել:

Ընդդիմության տվյալներով կա 50 զոհ, սակայն կառավարությունը չի հստակեցրել զոհերի թիվը:

«Խառնաշփոթի արդյունքում մարդիկ են մահացել, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց»,- հայտնել է իշխանությունների ներկայացուցիչը:

Նա նաև ավելացրել է, որ պատասխանատու անձինք կկանգնեն դատարանի առջև: