Քաղաքացին պնդում է, որ կաշառք է բաժանվում. «Բալասանյան դաշինքը» հերքում է. թեժ իրավիճակ Գյումիրում (տեսանյութ)
Գյումրիում այսօր տեղի ունեցող ավագանու ընտրությունների ժամանակ Tert.am–ի թղթակիցը տեղեկություն ստացավ, որ փողոցներից մեկում կայանված 10 SO 918 համարանիշով «Գազել» մակնիշի մեքենայում ընտրակաշառք են բաժանում։
Քաղաքացիներից մեկը, ով չներկայացավ, Tert.am–ի հետ զրույցում ասաց, թե տեղեկություն են ստացել, որ նշված ավտոմեքենայում «գործողություններ են տեղի ունենում» և իրենք եկել են ճշտելու։
Քաղաքացիներից մեկը, ով նշեց, որ ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ասաց, որ իրենք էլ են տեղեկություն ստացել, որ «Գազել» ավտոմեքենայում ընտրակաշառք են բաժանում ընտրացուցակներում երկրորդ համարի համար, որը «Բալասանյան դաշինքն է»։
Նշված ավտոմեքենայի մոտակայքում ծավալված զրույցի ժամանակ, մի կին, ով ներկայացնում էր «Բալասանյան դաշինքը», պնդում էր, որ իրենք ընտրակաշառք չեն բաժանում և հորդորում էր իրեն չնկարահանել։ Նա նաև պնդում էր, որ «Գազելով» իր ծանոթը ուղղակի իր տուն հյուր է եկել: «Ավելորդ շանտաժ են անում»,–ասաց կինը։
Ահազանգի հետքերով տեղանք էին եկել նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր կնոջից բացատրություն էին պահանջում։











