Մի կին մոտեցավ, ձեռքիցս հեռախոսը խլեց ու ջարդեց. լրագրողը Վանաձորի միջադեպի մասին

15:47 • 02.10.16

Վանաձորի 30/47 ընտրատեղամասում աշխատող լրագրող Շողիկ Գալստյանի հեռախոսը կոտրել են, նաև ճանկռել են, քաշքշել:

Լրագրողների հետ զրույցում Շողիկ Գալստյանը պատմեց, որ ինքը անհասկանալի վեճերի է ականատես եղել մարդկանց մասնակցությամբ, ովքեր վաղ առավոտից ընտրատեղամասի տարածքում են եղել: 

«Մի քաղաքացի կար, ով այստեղ էր վաղ առավոտից: Ակտիվ էր, քաղաքացիների հետ բակում` ընտրատեղամասի մուտքի մոտ ընտրողների հետ զրուցում էր, անհասկանալի վեճեր էին լինում ժամանակ առ ժամանակ, բայց այդպես էլ չկարողացա պարզել, որովհետև ոչ ինքը, ոչ քաղաքացիները չէին պատմում, թե ինչ է կատարվում:

Հետո մի մեքենա եկավ, մեջը էլի մարդիկ, մի կին էլ կար, որ էլի վաղ առավոտից այդտեղ էր: Խոսում էին: Ես իրենց էի նկարում, իրենք ինձ ձեռքով էին անում: Հետո մի կին մոտեցավ, հեռախոսս ուզում էր խլել, ասաց, որ իրավունք չունեմ իրեն նկարելու: Մոտեցավ, ինքն էլ վաղ առավոտից էր, ձեռքիցս խլեց ու ջարդեց, հետո ոստիկանների մոտ ասաց՝ տեսար, լավ էր, շատ լավ էր քեզ»,- պատմեց նա: