Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունները լուրջ քայլ էին դեպի վստահություն. Հ. Նաղդալյան

15:26 • 03.10.16

 

-Ինչպե՞ս կգնահատեք հոկտեմբերի 2-ին հանրապետության 375  համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ՝ համայնքի ղեկավարների ու ավագանու ընտրությունները.

- Իհարկե, դեռ վաղ է վերջնական գնահատական տալը, քանզի առայժմ ունենք միայն կարծիքներ, լրահոսի վերլուծություն, ընտրատարածքներից եկող նախնական տեղեկատվություն, բայց, այնուամենայնիվ, երեկվա ողջ օրվա գործընթացներին ուշադիր հետևելով, կարող ենք ասել, որ Հայաստանի համար այս ընտրությունները անօրինակ էին: Իսկապես, կարող ենք դրանք համարել և՛ ազատ, և՛ արդար, և՛ մրցակցային: Շատ կարևոր է մրցակցայնությունը, որովհետև առաջին անգամ տեղական ինքնակառավարման մարմինների 375 համայնքից 52%-ում ընտրությունները մրցակցային եղան, այսինքն՝ համայնքի ղեկավարի թեկնածուները մեկից ավել են եղել: Համեմատության համար նշեմ, որ սեպտեմբերի 18-ի ընտրությունների ժամանակ այդ ցուցանիշը 49% էր կազմում,  մինչդեռ այս փուլում՝ հոկտեմբերի 2-ին, մենք անցանք այդ շեմը: Սա խոսում է այն մասին, որ ընտրություններն, իսկապես, մրցակցային էին և ազատ: Ընտրությունների արդար անցկացման մասին վկայում է նաև այսօրվա լրահոսը, որի համաձայն չեն գրանցվել լուրջ խախտումներ, ապօրինություններ, ինչպես նաև, նշեմ ևս մեկ շատ կարևոր հանգամանք՝ համայնքների շուրջ 80%-ում միաժամանակ ընթացել է և՛ ավագանու, և՛ համայնքի ղեկավարի ընտրություն: Այսինքն՝ եղել են բազմաթիվ վստահված անձինք, մոտ 1500 դիտորդ, որոնք ընթացիկ վերահսկողություն են իրականացրել, այսինքն՝ այս ցուցանիշներից ելնելով վստահաբար կարող ենք ասել՝ ընտրությունները ընթացել են լիարժեք վերահսկողության տիրույթում և օրենքի տառից շեղվելու որևէ հնարավորություն բացարձակ գոյություն չի ունեցել:  Սա խոսում է  նաև այն մասին, որ մեր կատարած օրենսդրական փոփոխությունները արդյունքներ են տալիս:

Բավական ակտիվ մասնակցել են կուսակցությունները, և այս իմաստով ևս այս ընտրությունները տարբերվում են նախորդներից: Կուսակցական ակտիվության ցուցանիշը բարձր է  եղել և՛ Գյումրիում և՛ Վանաձորում , ինչպես շատ այլ  համայնքներում, այսինքն՝ ընտրությունները աստիճանաբար դառնում են քաղաքական ծրագրերի, գաղափարների մրցակցության հարթակ, ոչ թե՝ անձերի: Պետք է նշեմ նաև, որ այս ընտրություններում բավական ակտիվ մասնակցել են նաև կանայք: 

Կարող եմ նաև արձանագրել, որ երեկվա ընթացքում եղած օպերատիվ լրահոսից պարզ է դառնում, որ համարյա բոլոր դեպքերին կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձագանքել է և հրատապ կարգով լուծումներ տվել: Լրահոսի ուսումնասիրությունը ևս փաստում է, որ  ընտրությունների ընթացքում առանձնապես լուրջ, էական խախտումներ, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա կամ ստվերել գործընթացը, չենք ունեցել: Այդ առումով այս ընտրությունները բավական կոնտրաստային են նախորդների համեմատ, որոնց ժամանակ մենք լսում էինք զանգվածային խախտումների, լցոնումների մասին տեղեկատվություն: Կարծում եմ, այս բառապաշարը, քայլ առ քայլ, դուրս է մղվում մեր իրականությունից:

Հսկայական ծավալի աշխատանք է կատարվել, և ցանկանում եմ ընտրական մարմինների բոլոր մասնակիցներին՝ սկսած կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից մինչև բոլոր տեղամասերի ներկայացուցիչներին, դիտորդական առաքելություններին, վստահված անձանց շնորհակալություն հայտնել: Այս ընտրություններն իրենց ծանրաբեռնվածությամբ մոտ էին համապետական ընտրություններին, եթե չասենք, որ կազմակերպչական առումով դեռ մի բան էլ ավել են: Եվ բոլոր մասնակիցների որակյալ աշխատանքը շատ կարևոր էր՝ ընտրությունները հաջողությամբ անցկացնելու համար:

Իհարկե, մանր, արդյունքի վրա էական ազդեցություն չունեցող խախտումներ   յուրաքանչյուր երկրում էլ կարող են լինել: Վստահ եմ, մինչ օրվա վերջ մենք կունենանք նաև դիմում-բողոքների և վերահաշվարկների պատկերը, որից հետո նոր միայն կտրվի վերջնական գնահատական:  

Արդյունքները ամփոփելուց հետո կունենանք ամբողջական պատկերը, բայցևայնպես, իմ խորին համոզմամբ, հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները լուրջ քայլ էին դեպի ժողովրդավարացում, դեպի ազատ, արդար, մրցակցային ընտրություններ: 

Կարծում եմ, սա ապագա խորհրդարանական ընտրությունների ,,նախերգանքը,, կարելի է համարել , և, վստահեցնում եմ, որ քայլերը՝ դեպի վստահության մակարդակի բարձրացում և հավատի մթնոլորտի ձևավորում, կատարվում են և շարունակական են լինելու:

-Իսկ  Ձեր կուսակցության՝ Հանրապետականի գրանցած արդյունքները գոհացուցի՞չ են:

-Իհարկե, ցանկացած կուսակցություն պետք է ձգտի ավելի բարձրացնել իր ցուցանիշները: Կարող ենք ասել, որ խոշորագույն քաղաքներում , որտեղ քաղաքական ընտրություն էր տեղի ունենում, ՀՀԿ-ի թեկնածուները տպավորիչ և վստահ հաղթանակ են տարել՝ ապացուցելով, որ ունեն ժողովրդի վստահությունը և աջակցությունը: Տեսանելի է նաև գլխավոր ընդդիմադիր ուժերի հետընթացը և այն, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ՀՀԿ-ի հետ մրցունակ չեն: Բազմաթիվ բնակավայրերում ՀՀԿ-ական թեկնածուները ստացել են վստահության քվե մեր ազգաբնակչության կողմից, և սա հստակորեն ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն եղել և մնում է այն միակ քաղաքական ուժը, որի հետ մեր ժողովուրդը կարող է և շարունակում է հույսեր կապել: