Իմ ձեռքերն այնպիսիք չեն, որոնցից կարելի է որևէ բան վերցնել. Տիգրան Ուրիխանյանը՝ մանդատը վայր դնելու ու կուսակցության ղեկավարությունը թողնելու մասին
Այսօր «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել կուսակցության վարչությանը՝ միաժամանակ շարունակելով մնալ կուսակցության վարչության կազմում: ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը միաժամանակ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին:
Մինչ Տիգրան Ուրիխանյանն այսօր կլքեր ԱԺ շենքը, Tert.am-ը մի քանի հարց ուղղեց նրան: Վերջինս խոստացավ բացահայտումներ ներկայացնել 2 օր հետո:
- Պարոն Ուրիխանյան, հնարավո՞ր է Ձեր վրա քաղաքական ճնշում է եղել, որ հեռանում եք։ Կամ՝ Ձեր ԱԱԾ ղեկավար մորաքրոջ որդի՞ն է որևէ կերպ ազդել:
-Իմ վրա չի կարող լինել ոչ մի ճնշում: Ես ոչ մի բարեկամ չունեմ, որ կարող էր կամ կարող է որևէ դերակատարում ունենալ իմ գործունեության վրա: Հիշեք, որ ես 5-րդ տարին է՝ ԱԺ պատգամավոր եմ և մնացած բոլորը դրանից շատ ավելի ուշ են նշանակվել իրենց պաշտոններում:
- Ի՞նչն է պատճառը, որ Դուք թողնում եք պատգամավորական մանդատը, չէ՞ որ Ձեզ ընտրել են:
- Մեղմ ասած, չափազանց պարկեշտ ու պատշաճ իրականացրել եմ իմ պատգամավորական գործունեությունը 4.5 տարիների ընթացքում և, առանց ավելորդ համեստության, արել եմ բացառապես այն, ինչ ինձնից ակնակալել է ժողովուրդը:
- Հնարավո՞ր է՝ այլևս չեք ուզում ընդդիմադիր լինել, դրա համար եք հեռանում:
- Ես շարունակում եմ մնալ ընդդիմադիր «Այլանս» կուսակցության վարչության անդամի կարգավիճակում:
- Եվ ո՞վ է ղեկավարելու «Ալյանս» կուսակցությունը:
- Համագումարն ինքը կորոշի՝ ով է ղեկավարելու։
- Այսինքն՝ կուսակցությունը Ձեր ձեռքից վերցնո՞ւմ են. դուք եք այն հիմնադրել:
- Կուսակցությունը առարկա չէ, իսկ իմ ձեռքերն այնպիսի ձեռքեր չեն, որոնցից կարելի է որևէ բան վերցնել:
-Սակայն Դուք շատ արմատական ծրագրեր ունեիք, որ պետք է փոփոխություններ անեիք, ինչ-որ բաներ էիք խոստացել հանրությանը, այդ խոստումները, ծրագրերն ո՞ւր մնացին: Ինչպե՞ս եք հանրությանը հրաժեշտ տալիս:
- Ես հրաժեշտ չեմ տալիս: Ամեն ինչ առջևում է:
- Քաղաքական նոր պրոե՞կտ եք սկսում:
- Ես պրոեկտներ չեմ իրականացնում:
- Հնարավո՞ր է, որ ռուսական ուժերի, ռուսական դեսպանատան հետ է եղել խնդիրը:
- Ինձ ռուսական ուժերը չեն հետաքրքրել և չեն էլ հետաքրքրում:
- Իսկ «Անալիտիկ» լրատվական կենտրոնի հետ դատական վե՞ճը:
- Առավել ևս:
- ԲՀԿ ներկայացուցիչ Լյովա Խաչատրյանը հայտարարել է, որ բանակցություններ են գնում Գյումրու ավագանիում իրենց միանալու հետ կապված: Նման բանակցություններ կա՞ն Ձեզ հետ:
- Ինձ միայն հետարքրքում է մեկ բան՝ ՀՀ քաղաքացու ու Հայաստանի շահը: Արել եմ ամեն ինչ դա պաշտպանելու համար: Ցանկացած ձևաչափի մեջ ևս շարունակելու եմ:
- Ո՞ր ձևաչափի մեջ, կմանրամասնեք, որ հասարակությանը հասկանալի լինի:
-4.5 տարվա իմ պատգամավորական գործունեությունը տալիս է դրա պատասխանը:
- Կարելի՞ է ասել, որ Դուք անիմաստ գտաք Ձեր ներկայությունը քաղաքական դաշտում, կամ՝ Ձեզ որևէ պաշտոն են առաջարկել:
- Վաղը չէ մյուս օրը կառավարության նիստերի դահլիճում ես բացահայտումներ կներկայացնեմ:










