«Ալ-Կաիդայի» հայտնի եգիպտացի առաջնորդը սպանվել է Սիրիայում
«Ալ-Կաիդա» ահաբեկչական ցանցի եգիպտացի առաջնորդը, ով դարձել էր Սիրիայում գործող «Նուսրայի ճակատ» խմբավորման հայտնի անդամ, սպանվել է Սիրիայի` ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ գտնվող Իդլիբ նահանգում անօդաչու սարքի հասցրած հարվածի հետևանքով: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով երկու ջիհադական աղբյուրների:
Աղբյուրների հաղորդմամբ` խոսքը Շեյխ Աբու ալ Ֆարաջ ալ Մասրիի մասին է, ով տարիներ շարունակ եգիպտական բանտում ազատազրկման է դատապարտված եղել իսլամիստական խմբավորումների հետ դավադրություն կազմակերպելու համար, ապա փախել է Աֆղանստան: Վերջինս սպանվել է, երբ անօդաչուն հարված է հասցրել մեքենային, որում նա գտնվելիս է եղել:
Նշվում է, որ Սիրիայում ռազմական արշավ սկսելուց ի վեր ԱՄՆ կոալիցիոն ուժերի թիրախ են դառնում ոչ միայն «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները, այլև «Նուսրայի ճակատ» խմբավորման անդամները:










