Պարալիմպիկ խաղերի բացմանը Ռուսաստանի դրոշը ծածանած բելառուսցի «հերոսին» բնակարան կնվիրեն

12:06 • 03.10.16

Բելառուսի սպորտի և տուրիզմի նախարարության աշխատակից Անդրեյ Ֆոմոչկինը, որը Ռիո դե Ժանեյրոյում կայացած Պարալիմպիկ խաղերի բացման արարողության ժամանակ մարզադաշտ էր դուրս բերել Ռուսաստանի եռագույնը, որպես նվեր բնակարան կստանա:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 

Նա մանրամասնել է, որ իրեն դիմել է մի մարդ, որը պատմել է Ֆոմոչկինի արարքով տպավորված լինելու մասին ու խնդրել աջակցել իրեն բելառուսցուն բնակարան նվիրելու հարցում:

 

«Թե ով է առեղծվածային կոմս Մոնտե Քրիստոն ու ինչպես կարձագանքի նվերին մեր հերոս բելառուսցին՝ կիմանաք վաղը»,- գրել է Զախարովան Facebook-ում:

 

ԱԳՆ-ի ներկայացուցիչը նաև հավելել է, որ Ֆոմոչկինն արդեն Մոսկվա է ժամանել:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Բելառուսի հավաքականը «Մարականա» մարզադաշտով անցնելու ժամանակ իրենց ազգային դրոշի հետ մեկտեղ ծածանել էր նաև հարևան Ռուսաստանի եռագույնը: Հայտնի է, որ ռուսական դրոշը մարզադաշտով տարել էր Ֆոմոչկինը, ում ձեռքից եռագույնը վայրկյաններ անց խլել էին:

 

Հիշեցնենք, որ Միջազգային պարալիմպիկ կոմիտեն օգոստոսի 7-ին հայտնել էր ռուս մարզիկներին որակազրկելու մասին, ինչը պայմանավորված էր դոպինգային սկանդալով: