Մեզ պետք է մտահոգի նույնիսկ մեկ պարտությունը, սակայն դա աշխարհի վերջը չէ. Հովհ. Սահակյանը ՏԻՄ ընտրությունների մասին

12:11 • 03.10.16

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին հատկանշական համարեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո Գյումրիում և Վանաձորում ընտրություններն այնպես անցկացվեցին, ինչպես Երևանում է անցկացվում, և ըստ էության, կուսակցական ընտրություն եղավ:

«Նախ պետք է ասեմ, որ ընտրությունները մրցակցային էին, ինչի հետ կապված ավելի վերահսկելի էին, որովհետև բոլոր մասնակցող ուժերը իրենց ռեսուրսների և տարբեր ՀԿ-ների միջոցով փորձում էին վերահսկել»,- ասաց  նա և նշեց, որ որևէ կոպիտ խախտում չի եղել, որն էապես կազդեր ընտրությունների արդյունքների վրա:

«Ես անձամբ դրական եմ գնահատում այդ համայնքներում անցկացրած ընտրությունները՝ հաշվի առնելով, որ առաջին անգամ են կուսակցությունները մասնակցում և կարծես թե, փորձաշրջան էր 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համար»,- ասաց նա և նշեց, որ դրական է համարում նաև մյուս համայնքներում տեղի ունեցած ընտրությունները:

«Ընդհանուր առմամբ ընտրությունները դրական մթնոլորտում անցան: Սպասենք վերջնական արդյունքների ամփոփմանը»,- ասաց նա: Ինչ վերաբերում է խախտումների, ընտրակաշառքների վերաբերյալ ահազանգերին, ապա ասաց, որ նման փաստեր ունեցողները պետք է դրանք ներկայացնեն իրավապահ մարմիններին:

«Եթե կան մարդիկ, որոնք ունեն փաստեր թող ներկայացնեն, իսկ եթե ուղղակի փորձում են իրենց պարտությունն այդպես ներկայացնել, ես կարծում եմ, որ դա շատ շուտ կբացահայտվի»,- ասաց նա:

Հովհաննես Սահակյանը նշեց, որ դեռ արդյունքներն ամփոփված չեն և չբացառեց, որ տարբեր համայնքներում ունենան պարտություններ: «Մեզ կարող է և պետք է մտահոգի նույնիսկ մեկ պարտությունը, սակայն դա ողբերգություն չէ, աշխարհի վերջը չէ, պարզապես այդ համայնքնեում մենք պետք է վերանայենք մեր գործունեությունը»,- ասաց նա: