Չեխիայի նախագահն առաջարկել է ներգաղթյալներին անմարդաբնակ կղզիներ ուղարկել

09:59 • 03.10.16

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ մահմեդականների ներգաղթը Եվրոպա անթույլատրելի է մշակույթների անհամատեղելիության պատճառով, հայտնում է The Financial Times-ը:

 

Երկրի նախագահն առաջարկել է արտաքսել ներգաղթյալներին անմարդաբնակ հունական կղզիներ կամ Հյուսիսային Աֆրիկայի չբնակեցված տարածքներ: Համապատասխան առաջարկով Զեմանը հանդես է եկել հունական Հռոդոս կղզում անցկացված «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի ընթացքում:

 

Զեմանն անգամ առաջարկել է ներել Հունաստանի արտաքին պարտքի մի մասը, եթե նա իր վրա վերցնի ներգաղթյալներին տեղակայելու ծախսերը:

 

«Ես կողմ եմ բոլոր տնտեսական ներգաղթյալների արտաքսմանը: Իհարկե, ես ընդունում եմ Սիրիայում, Իրաքում և այլ երկրներում քաղաքացիական պատերազմների ողջ դաժանությունը: Խոսքը, սակայն, տնտեսական ներգաղթյալների մասին է»,- բացատրել է Չեխիայի նախագահը:

 

Զեմանն ընդգծել է, որ նա ոչինչ չունի Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից ներգաղթյալների դեմ:

«Ես միայն դեմ եմ իսլամական ներգաղթին՝ մեր մշակույթների բացարձակ անհամատեղելիության պատճառով»,- հավելել է նա: