Կոլումբիայի քաղաքացիները հանրաքվեի ժամանակ «ոչ» են ասել ապստամբների հետ կնքված խաղաղության համաձայնագրին
Հոկտեմբերի 2-ին Կոլումբիայում կայացած հանրաքվեի արդյունքների համաձայն՝ երկրի քաղաքացիները դեմ են արտահայտվել «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» ձախակողմյան խմբավորման հետ իշխանությունների կնքած հաշտության համաձայնագրին:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, հանրաքվեի մասնակիցների ձայների հաշվարկից հետո «կողմ» արտահայտվածները կազմել են 49.76 %, իսկ «դեմ»՝ 50.23%:
Սակայն հանրաքվեին նախորդած սոցհարցումների արդյունքները վկայում էին, որ համաձայնագրի կողմնակիցները համոզիչ հաղթանակ են տանելու:
Համաձայնագրի ընդդիմախոսների ճակատի ղեկավար Ալվարո Ուրիբեն, որը եղել է երկրի նախկին նախագահը, կարծում է, որ ապստամբները պետք է բանտարկվեն, այլ ոչ թե տեղ զբաղեցնեն Կոնգրեսում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, սեպտեմբերի 26-ին Կոլումբիայի իշխանությունները հաշտության պատմական համաձայնագիր են կնքել «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման անդամների հետ:
Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել կոլումբիական Կարտախենա քաղաքում: Հայտնի է, որ պատմական փաստաթղթում իրենց ստորագրություններն են դրել երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսն ու ապստամբների նախկին առաջնորդ Ռոդրիգո Լոնդոնյո Էչևերին:
Նշվում է, որ հաշտության համաձայնագիրը կնքվել է 52 տարի տևած քաղաքացիական պատերազմից հետո: Այդ ընթացքում զոհվել է 260.000 մարդ, ևս 6 մլն-ը ստիպված են եղել լքել իրենց տները:










