ՏԻՄ ընտրություններին սև ու սպիտակ դաշտ չեղավ, ընդդիմությունը քաղաքական օրակարգ չներկայացրեց. Արմեն Մարտիրոսյան
ՏԻՄ ընտրությունների ժամանակ հասարակության մի հատվածը ցույց տվեց իր դժգոհությունը նաև ընդդիմության գործողությունների մասով. մասնավորապես՝ ընտրություններին միավորված չմասնակցելու առումով։ Tert.am-ի հետ զրուցում նման տեսակետ հայտնեց «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա ՝ եթե ընդդիմությունը միավորված մասնակցեր, այսօր արդեն կոալիցիա կազմելու առաջարկներ չէին լինի, սև և սպիտակ դաշտ կլիներ։ Բացի դրանից՝ այդ ընդդիմությունն, Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, քաղաքական օրակարգ չի ներկայացրել. «Գոնե ես քաղաքական օրակարգ չեմ տեսել, քաղաքական օրակարգը պիտի համատեղ ներկայացնեին»,- շեշտեց Արմեն Մարտիրոսյանը։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը նշեց նաև, որ իշխանությունները ձեռագիրը չեն փոխել, կեղծում են, վարչական, ֆինասական ռեսուրսները օգտագործում. «ՏԻՄ-ը՝ որպես կառավարման դերակատար մարմին, Հայաստանում գոյություն չունի, կենտրոնական իշխանության դոմինանտությունը բերում է նրան, որ տեղերում իշխանական ներկայացուցիչները կարողանում են վերարտադրվել»,– ասաց Արմեն Մարտիրոսյանը։
«Ժառանգությունը» թեև ՏԻՄ ընտրություններին չի մասնակցել, բայց հանձնաժողովի անդամներ է ունեցել. «Իշխանությունը համապետական մակարդակով պետք է փոխել, ընդդիմությունը խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցի համախմբված, միավորված, որպեսզի իշխանությունն իր թեկնածուին վարչապետ չնշանակի»,- մանրամասնեց նա։
Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ չի կարելի ասել, թե ՏԻՄ ընտրությունների արդյունքներն արտացոլում են նաև 2017 –ի խորհրդարանական ընտրությունների պատկերը. «Խորհրդարանական ընտրություններին բոլորովին այլ պատկեր է լինելու, այլ մեթոդաբանություն, գուցե կեղծելու գործիքակազմը պահպանվի, բայց այլ պայքար է լինելու, որին մասնակցելու է նաև «Ժառանգությունը»»,– ասաց կուսակցության փոխնախագահը։










