Վանաձորի ու Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքներից ՀՅԴ-ն դժգոհ է. Աղվան Վարդանյան
Հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմիների ընտրությունները որակապես տարբերվում էին նախորդներից՝ իրենց քաղաքականացմամբ, իրենց մրցակցության բարձր աստիճանով: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Պատգամավորը նշեց, որ մեծ ընտրախախտումների, ճնշումների դեպքեր չկային:
Ինչ վերաբերում է ՀՅԴ գրանցած արդյունքներին, ապա Աղվան Վարդանյանն ասաց, որ Դաշնակցությունը չի ունեցել գործող համայնքապետեր, որոնց ընտրություններից հետո կորցրել է: «Ունենք տեղամասեր, որտեղ մեր թեկնածուները հաղթել են 17-20 տարվա գյուղապետերին: Բայց Վանաձորի ու Գյումրու արդյունքներից մենք բավարարված չենք, դժգոհ ենք: Վանաձորում հաղթահարեցինք 5 տոկոսի շեմը, բայց արդյունքները կրկին ցածր են, իսկ Գյումրիում դա էլ չհաղթահարեցինք»,- անկեղծացած ՀՅԴ խմբակցության քարտուղարը:
Tert.am-ի հարցին՝ որքա՞ն էիք ակնկալում, Վարդանյանը պատասխանեց, որ Գյումրիում 10 տոկոս ձայն էին սպասում: «Բավական լավ ցուցակ ունեինք, բավական ակտիվ առաջին համար, երկրորդ համար, երրորդ համար: Մենք փորձել էինք ներկայանալ նոր դեմքերով, որոշակիորեն տարբերվող մնացածից: Ցավոք, այս մեխանիզմը չաշխատեց: Վստահ էի, որ մոտ տասը տոկոս ձայն կհավաքենք: Բայց անկեղծ լինենք: Եթե նայում ենք ՏԻՄ ընտրությունները, տեսնում ենք, թե ինչ խառնուրդ է առաջանում՝ էական ազդեցություն ունեն թաղային հեղինակությունների, տարբեր խմբավորումների շահերը: Այս առումով մենք մտածելու խնդիր ունենք»,- մանրամասնեց Աղվան Վարդանյանը:
Ըստ պատգամավորի՝ Շիրակի մարզպետի գործոնը ՀՅԴ ձայների վրա ազդեցիկ լինել չէր կարող, որովհետև «մարզպետը նրա համար չէ, որ ձայն ապահովի կուսակցության համար, նա պետք է աշխատի, իր գործառույթները կատարի»:
Դիտարկմանը, թե իշխանության հետ կոալիցիա կազմելով դրական սպասումներ էիք ակնկալում, բայց այսօր էլ նույն արդյունքներն ունեք, Վարդանյանն այսպես արձագանքեց. «Խնդիրները, որոնք ձևակերպված են, համաձայնության հիմքում կան, բայց այստեղ մենք ուշացել ենք: Ունենք հիմք՝ նոր կառավարության ձևավորումը: Կլինի առաջընթաց: Բայց եկեք չշփոթենք ՏԻՄ ընտրությունները համապետականների հետ: Ես անուններ չեմ տա, բայց նայենք Վանաձորն ու Գյումրին: Կոնկրետ քաղաքական ուժերի համար կոնկրետ անձինք դերակատարություն են ունեցել: Վանաձորում կար մարդ, որ կարող էր լինել ՀՀԿ առաջին համարը, բայց գնաց այլ կուսակցության առաջին համար ու ձայներ բերեց»:
Tert.am -ի հարցին՝ համարո՞ւմ եք ՏԻՄ ընտրությունները ազատ, արդար, թափանցիկ անցկացված, արդյոք չե՞ն կեղծվել, Աղվան վարդանյանը պատասխանեց. «Նախորդ ՏԻՄ ընտրությունների համեմատ մենք չունենք էական փաստեր, ես չգիտեմ մի մարդ, որ գալիս ու ասում է, որ ընտրակաշառք են բաժանել: Սա է խնդիրը»: Հարցին՝ ընտրախախտումները ազդե՞լ են ընտրությունների արդյունքների վրա, ՀՅԴ-ական պատգամավորը պատասխանեց. «Վստահ եմ, որ որակապես մրցակցային էին, ճնշումներից, վարչական ռեսուրսներից դուրս էին»:










