Գերմանիայում փակել են Էրդողանի մասին վիրավորական բանաստեղծություն ընթերցած երգիծաբանի գործով հետաքննությունը

00:05 • 04.10.16

Գերմանիայի Մայնց քաղաքի դատախազությունը փակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մասին գործով հետաքննությունը` գերմանացի երգիծաբան և հեռուստահաղորդավար Յան Բեմերմանի նկատմամբ:

Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, դատախազության որոշման մեջ նշվում է, որ հետաքննության արդյունքում հեռուստահաղորդավարի կամ հեռուստահաղորդման հեռարձակմանը մասնակցած որևէ այլ անձի կատարած հանցագործության ոչ մի ապացույց չի գտնվել:

Հիշեցնենք, որ գերմանացի երգիծաբան և հաղորդավար Յան Բեմերմանը մարտի 31-ին գերմանական հեռուստատեսության եթերում Էրդողանի մասին բանաստեղծություն էր ընթերցել, որում վերջինիս մեղադրել էր քրդերին ու քրիստոնյաներին հետապնդելու, ինչպես նաև ընդդիմադիր թերթերը փակելու համար:

Հեռուստահաղորդման եթեր դուրս գալուց հետո Էրդողանը դատի էր տվել Բեմերմանին, իսկ Գերմանիայի կառավարությունը թույլատրել էր հետաքննություն անցկացնել երգիծաբանի նկատմամբ: