Դամասկոսում ՌԴ դեսպանատան վրա կրակել են ականանետից

16:49 • 04.10.16

Դամասկոսում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շենքը ահաբեկչական հարձակման է ենթարկվել, այս մասին գրում է ռուսական interfax.ru գործակալությունը: 


Գործակալության փոխանցմամբ` ահաբեկիչները ականանետից կրակ են բացել ՌԴ դեսպանատան ուղղությամբ:


Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության համաձայն` ականանետային հարձակումն իրականացվել է Դամասկոսի մերձակայքում գտնվող Ջոբար շրջանից, որը գտնվում է «Ջաբհաթ ալ նուսրա» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ: 

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ միայն երջանիկ պատահականության շնորհիվ է, որ դեսպանատան աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել: Վնասները նյութական են: 

«Այս հարձակումը մենք դիտարկում ենք ԱՄՆ-ի և նրա մի քանի համակիրների գործունեության հետևանք, որոնք հրահրում են Սիրիայում արյունալի հակամարտության շարունակությունը»,- ասվում է հայտարարության մեջ: