Իսրայելական ավիաընկերությունը չի կարողանում դեպի Հայաստան չվերթ իրականացնելու թույլտվություն ստանալ․«Արմենիա ավիաընկերության» աշխատակից
«Արմենիա ավիաընկերության» մամուլի քարտուղար Գևորգ Խաչատրյանի խոսքով՝ Երևան- Թել Ավիվ և հակադարձ ուղղությունով չվերթ չի իրականացվում, որովհետև այսօր իսրայելական ավիաընկերությունը նույնպես չի կարողանում դեպի Հայաստան չվերթ իրականացնելու թույլտվություն ստանալ:
«Այս պահին մեր ավիաընկերությունը չունի թույլտվություն Իսրայելի ավիացիոն իշխանություններից` իրականացնելու տվյալ ուղղությամբ չվերթը: Մենք անցել ենք բոլոր անհրաժեշտ գործընթացները և լիարժեք պատրաստ ենք չվերթի իրականացմանը, թույլտվությունը լինելու դեպքում կարող ենք անգամ վաղը հայտարարել տոմսերի վաճառքի մասին»,- ասաց նա:
Նշենք, որ սեպտեմբերի վերջին հայ-իսրայելական համագործակցության հասարակական ֆորումի ժամանակ Քնեսեթի փոխխոսնակ Թալի Պլոսկովն էր հայտարարել, որ ինքը Իսրայել գնալուց հետո դիմելու է ավիացիոն իշխանություններին, որպեսզի հնարավոր լինի Երևան- Թել Ավիվը ուղիղ չվերթներ իրականացնել:
Հիշենենք նաև, որ «Արմենիա ավիաընկերությունը» իր գործարկման առաջին օրերից հայտարարում էր Երևան-Թել Ավիվ չվերթի իրականացման մասին, ըստ հայտարարությունների՝ այս տարվա ապրիլից արդեն ավիաընկերությունը պետք է այդ ուղղությամբ թռիչքներ իրականացներ:
«Այսօր տվյալ ուղղությամբ չվերթին փաստացի հավակնում է երկու ընկերություն, այդ թվում՝ «Արմենիա ավիաընկերությունը», հետևաբար ցանկացած քայլ, որը միտված է չվերթների մեկնարկին և միաժամանակ առողջ մրցակցությանը, ի շահ երկու երկրների քաղաքացիների, մեր ավիաընկերությունը ողջունում է»,- ասաց Գևորգ Խաչատրյանը:
Հարցին՝ եթե նախապես թույլտվություն չկար, ինչո՞ւ էին հայտարարել չվերթի տոմսերի վաճառքի մասին, պատասխանեց․ «Իսրայելական կողմը ավելի ուշ է հայտարարել չվերթների թույլտվության բացակայության մասին»:
Իսկ հարցին՝ որքանո՞վ է պահանջված այդ ուղղությամբ չվերթների իրականացումը Հայաստանում, «Արմենիա ավիաընկերության» մամուլի քարտուղարը պատասխանեց․«Ցանկացած չվերթը, որը բացում է «Արմենիա ավիաընկերությունը», կատարվում է շուկայի երկարաժամկետ և լուրջ ուսումնասիրությունների վրա, Իսրայելը մեզ` հայերիս համար հետաքրքիր է ուխտագնացության տեսանկյունից, իսկ Իսրայելի զբոսաշրջիկին Հայաստանը գրավում է, որպես առաջին քրիստոնյա երկիր, հետևաբար այս կապը, որ ձևավորվել է պատմականորեն, թույլ է տալիս սպասել միայն լավը տվյալ չվերթից: Իհարկե չպետք է մոռանալ, որ ցանկացած չվերթ դա նաև տնտեսական շատ կարևոր գործոն է իր մեջ պարունակում, որից կարող են օգտվել երկու երկրներն էլ»:










