«Հայկական վերածնունդ»-ի քաղաքապետի թեկնածուի կողմից Վանաձորի եկեղեցու հովվի ծեծի գործն ուղարկվել է ՔԿ

11:46 • 05.10.16

Վանաձորի ավետարանական եկեղեցու հովիվ 66-ամյա Ռաֆայել Գրիգորյանի ծեծի գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ մանրամասների մասին կհաղորդեն ավելի ուշ:

Երեկ երեկոյան «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը, որը, ըստ մամուլի տեղեկությունների, հայտնի է որպես քրեական հեղինակություն, ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին, որից հետո եկեղեցու առաջնորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

CrossNews.am-ի հետ զրույցում հովիվ Ռաֆայել Գրիգորյանը, որը դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց, պատմել է, որ  ընտրության նախորդ օրը «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները մեծ քանակությամբ գովազդային օրացույցներ են բերել եկեղեցի՝ հորդորելով եկեղեցական ժողովի ժամանակ բաժանել ժողովրդին, սակայն ինքը՝ հովիվ Ռաֆայել Գրիգորյանը դեմ է եղել դրան՝ նշելով, որ եկեղեցին քաղաքականության հետ որևէ առնչություն չունի և ինքը չի կարող եկեղեցու ներսում քաղաքական որևէ գովազդ թույլ տալ:

«Թերևս դա է եղել պատճառը»,-ասել է Գրիգորյանը: 

Հայաստանի ավետարանական եկեղեցիների առաջնորդները խստորեն դատապարտել են հոգևորականի հանդեպ բռնությունը:

«Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր ոք Հայաստանի Հանրապետությունում կարող է ազատորեն արտահայտել իր կարծիքը, հայացքները, և որևէ մեկը չի կարող իր սանձարձակությամբ ու լկտի պահվածքով խոչընդոտ հանդիսանալ մարդու՝ ընտրության և դիրքորոշման ազատության վրա: Խստագույնս դատապարտում ենք կատարվածն ու աղոթում Աստծուն՝ բոլորի կողմից շատ սիրված ու հարգված հովիվ Ռաֆայել Գրիգորյանի շուտափույթ առողջության համար»,-հայտարարել են ավետարանական հովիվները CrossNews.am լրատվական կայքում տարածած հայտարարության մեջ:

Մամուլի տեղեկություններով՝ Արկադի Փելեշյանի նկատմամբ այժմ հետախուզում է հայտարարվել:

Քաղաքագետ, religions.am կայքի ղեկավար Ստեփան Դանիելյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ խոսել է Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանի հետ. «Ով երեկ դաժան ծեծի է ենթարկվել «Օրինաց երկիր»-«Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու արդեն անդամ դարձած, քաղաքում հայտնի կրիմինալ ոմն Փելեշյանի կողմից:

Փելեշյանը իր նախընտրական բանդայի 15 ներկայացուցիչների ուղեկցությամբ եկել է եկեղեցի, խաչակնքվել է և Ռաֆայել Գրիգորյանին ասել, որ իր բոլոր ուղեկիցները հավատացյալ մարդիկ են ու առաջարկել է Գրիգորյանի սենյակում առանձնանալ ու զրուցել: Սենյակ մտնելուց հետո, առանց որևէ բացատրության սկսել է դաժանորեն ծեծել 66-ամյա մարդուն, խփելով միայն դեմքին: Ռաֆայել Գրիգորյանի աղջկա և փեսայի միջամտությունից հետո, որոնք մի կերպ հրելով մուտքը հսկող Փելեշյանի կողմնակիցներին, մի կերպ կարողացել են մտնել սենյակ, ծեծը դադարել է: Ծեծը ուղեկցվել է ամենակոպիտ հայհոյանքներով և սպանելու սպառնալիքներով»: