Երևանում բերման է ենթարկվել Արկադի Փելեշյանը՝ Վանաձորի եկեղեցու հովվի ծեծի գործով
«Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին, ով, ըստ հրապարակումների, ծեծի է ենթարկել Հայ ավետարանական եկեղեցու հովվվի, ոստիկանները քիչ առաջ հայտնաբերել են Երևանում ու բերման ենթարկել: Այժմ Փելեշյանը գտնվում է ոստիկանությունում, որից հետո նրան կհանձնեն նախաքննությունն իրականացնող մարմին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվության վարչությունից:
Նշենք, որ Վանաձորի ավետարանական եկեղեցու հովիվ, 66-ամյա Ռաֆայել Գրիգորյանի ծեծի գործն ուղարկվել է Քննչական կոմիտե: «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը, որը, ըստ մամուլի տեղեկությունների, հայտնի է որպես քրեական հեղինակություն, ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին, որից հետո եկեղեցու առաջնորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
CrossNews.am-ի հետ զրույցում հովիվ Ռաֆայել Գրիգորյանը, որը դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց, պատմել է, որ ընտրության նախորդ օրը «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները մեծ քանակությամբ գովազդային օրացույցներ են բերել եկեղեցի՝ հորդորելով ընտրության օրը՝ եկեղեցական ժողովի ժամանակ բաժանել ժողովրդին, սակայն ինքը՝ հովիվ Ռաֆայել Գրիգորյանը, դեմ է եղել դրան՝ նշելով, որ եկեղեցին քաղաքականության հետ որևէ առնչություն չունի և ինքը չի կարող եկեղեցու ներսում քաղաքական որևէ գովազդ թույլ տալ:
«Թերևս դա է եղել պատճառը»,-ասել է Գրիգորյանը:










