Ռահմոնը տաջիկերենի հանդեպ հարգանքը «յուրաքանչյուր ազնիվ մարդու պարտքն» է համարել

12:50 • 05.10.16

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտնել է, որ չորեքշաբթի երկրում նշվող պետական լեզվի օրը հանրապետության անկախության ժամանակաշրջանի «պատմական երևույթներից մեկն է»: Տոնի առթիվ հղած տեսաուղերձում Ռահմոնն ասել է, որ պետական լեզուն երկրում իրական համախմբվածության ու Տաջիկստանի բոլոր բնակիչների միավորման խորհրդանիշն է դարձել:

 

«Պետական լեզվի պաշտպանությունը, հարգանքն ու ակնածանքը յուրաքանչյուր ազնիվ մարդու պարտքն է: Իր մշակույթն ու լեզուն հարգող յուրաքանչյուր գիտակից ու հայրենասեր մարդու մեծագույն պարտքն այդ անգին գանձի պահպանությունն է ու այդ քաղցրահունչ ու պոետիկ լեզվի անվնաս փոխանցումն ապագա սերունդներին»,- մեջբերում է Interfax-ը նախագահի խոսքերը:

 

Նրա կարծիքով`գլոբալիզացման գործընթացը սպառնում է ժողովուրդների ու ազգերի հոգևոր ժառանգությանը, և այդ ժառանգության պաշտպանության միակ միջոցն ազգային սրբությունների հիմքերի ամրապնդմանն առավելագույն ձգտումն է, իսկ պետական լեզուն համարվում է ազգային սրբությունների հիմնական հենասյուներից մեկը: