Սաակաշվիլին շնորհավորել է դաշնակցին Թբիլիսիում նրա մեքենայի պայթեցումից հետո ողջ մնալու կապակցությամբ (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ, վրացական «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեին Թբիլիսիում նրա մեքենայի պայթեցումից հետո ողջ մնալու կապակցությամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատգամավորի ավտոմեքենան պայթեցվել է երեքշաբթի Թբիլիսիի կենտրոնում: Թարգամաձեն և մեքենայում գտնվող նրա վարորդը ստացել են աննշան վնասվածքներ, սակայն Առողջապահության նախարարության տվյալներով, չորս անցորդ վնասվածք է ստացել: Պայթյունի հետևանքով վնասվել է նաև մոտակայքում գտնվող մոտ 10 մեքենա:
Թարգամաձեն, պատմելով տեղի ունեցածի մանրամասները, վստահություն է հայտնել, որ պայթյունը տեղի է ունեցել հեռակառավարման վահանակի միջոցով՝ պատգամավորի ավտոմեքենային հետևող մեքենայի միջից: Պատգամավորը կարծում է, որ պայթյունի կազմակերպիչները կարող էին լինել իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, այսինքն՝ իշխանության ներկայացուցիչներ:
«Իմ ընկերոջը և մեծ հայրենասերին շնորհավորում եմ, որ նա կարողացավ ողջ մնալ… Հուսով եմ, որ բոլոր վիրավորները կառողջանան»,- գրել է Սաակաշվիլին Facebook սոցիալական ցանցում:
Նախկին նախագահը կարծում է, որ այդ ամենի կազմակերպիչը «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է:










