Արայիկ Խանդոյանը հեռացվել է նիստերի դահլիճից. դատարանը մերժել է բողոքն ու միջնորդությունը (տեսանյութ)

18:50 • 06.10.16

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի երկու պաշտպանների ներկայացրած բողոքը ու նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Այս մասին դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Խանդոյանի պաշտպաններից Արայիկ Պապիկյանը։

«Դատարանը մերժեց պաշտպանների բողոքը և, միաժամանակ, մերժեց գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը։ Այլ բան չէինք էլ ակնկալում դատարանից»,- ասաց պաշտպանը։  

Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց, որ նիստերի դահլիճից հեռացվել է Արայիկ Խանդոյանը, նրա հայտարարությունները դիտվել են որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, սակայն վճռի հրապարակման պահին Արայիկ Խանդոյանի ներկայությունը դատարանը չի ապահովել.

«Դատարանը խախտում է թույլ տվել՝ Խանդոյանի ներկայությունը վճռի հրապարակման պահին չապահովելով։ Արայիկ Խանդոյանը հանդես եկավ հետևյալ բովանդակությամբ հայտարարությամբ, թե ինքն այս կեղտը ոչ թե ավելով, այլ ցախավելով է մաքրելու, որ ինչ անում է իր ազգի համար է անում, ինչից հետո հեռացվեց դահլիճից։ Վճիռը և դատարանի քայլերը կբողոքարկենք։ Բացի դրանից՝,դատարանը վճիռը կայացրեց 10-15 րոպեի ընթացքում, ինչն էլ ենթադրում է, որ դատարանը նախապես գիտեր, թե ինչ վճիռ էր հրապարակելու»։

Նշենք, որ քրեական դատարանի մոտ մարդաշատ է։

Արայիկ Խանդոյանի մայրը, կինը, երեխաներն ու համագյուղացիները եկել են իրենց աջակցությունը հայտնելու Խանդոյանին։

Հիշեցնենք, որ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը երկու շաբաթ առաջ բավարարեց քննիչի միջնորդությունը, համաձայն որի՝ Խանդոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ:

Պաշտպանական կողմը բողոքում էր այդ վճիռը։

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):