Պուրակի կառուցում Ախթալայում (լուսանկարներ)

17:37 • 06.10.16

Ախթալայում ապրում է 3,200 մարդ: Համայնքի հիմնական տնտեսական ոլորտը հանքարդյունաբերությունն է, և քաղաքի յուրաքանչյուր «կանաչ» սանտիմետրը կենսական է իր բնակիչների բարեկեցության համար:

2015 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ու գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագիրը և ԱՄՆ ՄԶԳ ԱՐԴԻ գյուղական զարգացման ծրագրերը Ախթալայի քաղաքապետարանի և «ՀԿ Կենտրոն»-ի հետ ձեռնամուխ եղան քաղաքում բնապահպանական ծրագիր իրականացնելուն: Համատեղելով միջոցները` գործընկերներն այս տարի կանաչ գոտի ստեղծեցին քաղաքի կենտրոնական` Աբովյան և Շահումյանի փողոցների խաչմերուկի մոտ 190 քառակուսի մետր կիսաքանդ տարածքում:

Երկու փողոցների ասֆալտապատումից բացի, ծրագրի շրջանակում կանաչ գոտում տեղադրվեցին նաև նստարաններ, աղբարկղներ և լուսավորության սյուներ: Տնկվել են թփեր ու ծաղիկներ, որոնք կանաչ անկյունը շուտով կդարձնեն անցորդների սիրած հանգստյան վայրը: Այս բնապահպանական ծրագրից կօգտվի կանաչ գոտու հարակից տների 600-700 բնակիչ, ինչպես նաև ամեն օր հարևան համայնքներից ժամանած անձինք, ովքեր այցելում են Համաշխարհային բանկի կողմից վերանորոգված տեղի առողջապահական կենտրոնը:

Սեպտեմբերի 27-ին, Լոռու մարզ կատարած իր աշխատանքային այցի ընթացքում, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մասնակցեցին պուրակի պաշտոնական բացմանը` խորհրդանշական ժապավենը կտրելով Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հետ: