Լրատվամիջոցները հայտնում են Եվրոպայում «Ջեբհաթ ան Նուսրա»-ի կողմից պատրաստվող նոր ահաբեկչությունների մասին

12:45 • 06.10.16

«Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունն ահաբեկչությունների շարք է պատրաստում Մեծ Բրիտանիայում և Եվրոպայի այլ երկրներում: Այդ մասին գրում է The Times թերթը:

 

Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակում աղբյուրի տվյալներով՝ ահաբեկիչները հարձակման համար հարմար պահի են սպասում: Նրա խոսքով՝ Սիրիայում և Իրաքում տարբեր ահաբեկչական խմբավորումներ պարտություն են կրում, այդ պատճառով շատ գրոհայիններ փախստականների անվան տակ Եվրոպա են այցելում և պատրաստվում են հարձակումների:

 

Իրադարձությունների նման զարգացման մասին արդեն նախազգուշացրել են շատ եվրոպացի պաշտոնյաներ: Սեպտեմբերի 20-ին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնովը հայտնել էր, որ ահաբեկչական վտանգը երկրում այժմ շատ ավելի մեծ է, քան երբևէ: