Գալուստ Սահակյանը Շվեդիայի փոխնախագահի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

14:33 • 06.10.16

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խորհրդարանի փոխնախագահ Իսաբել Դինգիզյանին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին Հայաստանի Ազգային ժողովում, ջերմությամբ հիշել է 2015 թվականի հանդիպումը:

Խորհրդարանի ղեկավարը կարևորել է սկանդինավյան տարածաշրջանի և հատկապես Շվեդիայի հետ բազմակողմ և փոխշահավետ համագործակցության ընդլայնումը, համապարփակ միջխորհրդարանական շփումները:

Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ այս ոլորտում համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբդեռևս անելիքներ կան: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը ողջունել էերկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի գործունեությունը և հույս հայտնել, որ առաջիկայում համագործակցության նոր ուղիներ կնախանշվեն:

Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ու խորացնելու երկու երկրների միջև կառուցողական երկխոսությունը:

Գալուստ Սահակյանն իր երախտիքի խոսքն է հայտնել տիկին Դինգիզյանին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Իսաբել Դինգիզյանը, շնորհակալություն հայտնելով հայրենի խորհրդարանում ջերմ ընդունելության համար, կարևորել է հայ-շվեդական խորհրդարանական արդյունավետ համագործակցությունը: Տիկին Դինգիզյանը վստահեցրել է, որ իր ներդրումը կունենա երկու երկրների հարաբերություններն առավել ամրապնդելու և խորացնելու համար: 

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: