Բոլորս պետք է օգնենք, որ այս կառավարությունը հաջողի, հակառակ դեպքում բոլորիս համար վատ հետևանքներ կլինեն. Նուշիկյան
Հուսով եմ, որ նոր կառավարությունը կհաղթահարի իր առջև դրված խնդիրները: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի ղեկավարած գործադիր մարմնի ամբողջական կազմին:
«Կազմը լավն է, հիմնականում պրոֆեսիոնալներ են, իրենց ոլորտներում նոր մարդիկ չեն, ուստի մեծ հույսեր եմ կապում իրենց հետ»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, թե կկարողանա՞ն դուրս բերել երկիրը տնտեսական այն ծանր վիճակից, որի մասին ասաց Կարեն Կարապետյանը, պատգամավորն այսպես արձագանքեց. «Համենայնդեպս, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ տնտեսության վիճակը բավական բարդ է: Մենք բոլորս պետք է օգնենք, որ այս կառավարությունը հաջողի, հակառակ դեպքում՝ դա բոլորիս համար վատ հետևանքներ կունենա»:
ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ շատ ժամանակ չկա, փոփոխությունները պետք է կատարվեն:
«Որոշ ժամանակ առաջ ոչ մեկ չէր հավատում, որ կառավարությունում նման փոփոխություններ կլինեն, բայց եղան: Հիմա կարծում եմ, որ հետագա քայլերն էլ կլինեն մեր ակնկալածի սահմաններում»,- ասաց Նուշիկյանը՝ նշելով, որ տնտեսությունը տեղում չի դոփում, առաջընթաց կա, պարզապես աշխարհաքաղաքական մարտահրավերներից զերծ չենք մնում:
Մանրամասները՝ տեսանյութում։










