«Սասնա» ծռերի անդամի`«Դատապարտյալների հիվանդանոցից» դուրս գրումը պաշտպանները որակում են անմարդկային, ՔԿՀ-ն հերքում է

14:37 • 06.10.16

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը վերջինիս ֆեյսբուքյան էջում հայտարարություն են տարածել իրենց պաշտպանյալի՝ «Դատապարտյալների հիվանդանոցից» դուրս գրման վերաբերյալ և այն անմարդկային որակել: 

Ներկայացնում ենք պաշտպանների գրությունն ամբողջությամբ.

«Որոշում է կայացվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու մասին։ Նման որոշման հիմք է հանդիսացել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության բժիշկների եզրակացությունը։ 
Սեդրակ Նազարյանի հետ հանդիպումների ընթացքում համոզվել ենք, որ նրա ապաքինվելու, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից դուրս գրվելու համար հիմքերի առկայության մասին եզրակացությունն առնվազն անհիմն է։ Ակնհայտ է, որ նման ծանր հրազենային վնասված ստացած, վիրահատված, մեկ թոքից զրկված, մինչ օրս բազմաթիվ գանգատներ ունեցող անձը պետք է պահվեր քաղաքացիական բժշկական հաստատությունում, բայց փոխարենը սովորական քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին որոշում է կայացվել։ Ուստի այս պահին այլ քրեակատարողական հիմնարկ նրա տեղափոխումը ոչ այլ ինչ է, քան անմարդկային վերաբերմունք։

ՔԿՀ լրատվական վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ Սեդրակ Նազարյանը ներկայացվել է դուրսգրման, քանի որ ՔԿՀ համապատասխան բաժանմունքի կողմից նրա վիճակը գնահատվել է բավարար, իսկ եզրակացությունը հաստատել է նաև աշխատանքային բժշկական հանձնաժողովը:

Հիշեցնենք, որ Սեդրակ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով։

Ս. Նազարյանը հայտարարել է, որ մեղադրանքն իրեն պարզ չէ, հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, քանի որ 12 օր ապօրինի զրկվել է ազատությունից և արտաքին աշխարհի հետ որևէ կապից, մինչ օրս չի ճանաչվել տուժող և իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում։