Զանգվածային ցույցերից հետո Լեհաստանը հրաժարվել է ընդունել հղիության արհեստական ընդհատման արգելքի մասին օրենքը
Լեհաստանի օրենսդիրները քվեարկել են խորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ մերժելով հղիության արհեստական ընդհատման ամբողջական արգելքի առաջարկը, գրում է The Daily Maily-ը:
Այս որոշմամբ փորձ էր արվում լրացուցիչ սահմանափակումներ ավելացնել արդեն իսկ հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ Եվրոպայի ամենախիստ օրենքներին:
Այնուամենայնիվ, առաջարկը դեռ պետք է հինգշաբթի քվեարկության դրվի խորհրդարանի ստորին պալատում: Օրենսդիրներն այդ ժամանակ կքվեարկեն կա՛մ այն մերժելու, կա՛մ հետագա քննարկումների համար հանձնաժողովին ուղարկելու համար:
Հղիության արհեստական ընդհատման արգելքի մասին առաջարկը զանգվածային բողոքի ցույցերի ալիք էր բարձրացրել երկրում. մեծ թվով կանայք սև հագուստով դուրս էին եկել փողոցներ՝ բոյկոտելով աշխատանքը:
Լեհաստանում հղիության արհեստական ընդհատում թույլատրվում է իրականացնել միայն այն դեպքում, եթե պտղի կյանքը, մոր առողջությունը վտանգի տակ են կամ էլ՝ եթե կինը հղիացել է բռնաբարության կամ ինցեստի հետևանքով:
Սակայն նոր օրենքի ընդունման դեպքում հղիության արհեստական ընդհատման բոլոր պատճառաբանությունները հակաօրինական էին համարվելու, իսկ այդ քայլին դիմած կանանց կսպառնար մինչև 5 տարվա ազատազրկում: Պատիժ էր սպառնում անգամ բժիշկներին:
Օրենքի ընդդիմախոսների կարծիքով՝ այս առաջարկը ոտնահարում է կանանց վերարտադրողականության հիմնարար իրավունքը՝ վտանգի տակ դնելով նրանց առողջությունը:










