ՌԴ-ի գործողությունների մեկ տարվա ընթացքում հաջողվել է կայունացնել իրավիճակը Սիրիայում. Շոյգու
Բարձր ճշգրտության հեռահար զենքերը և ռազմական տեխնիկան ցույց տվեցին իրենց արդյունավետությունը Սիրիայում ՌԴ օդատիեզերական ուժերի գործողության ընթացքում: Սիրիայում հաջողվեց կայունացնել իրավիճակը և գրոհայիններից զգալի տարածք ազատագրել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեկ տարի է անցել, ինչ մեր Զինված ուժերը մարտական խնդիրներ են իրականացնում Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Այդ ժամանակի ընթացքում հաջողվել է կայունացնել երկրում իրավիճակը, ազատագրել երկրի տարածքի զգալի մասը միջազգային ահաբեկիչների զինված խմբավորումներից, կարգավորել Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աշխատանքը»,- ռազմատեխնիկական համաժողովի ժամանակ ասել է նախարարը:
Շոյգուն հիշեցրել է, որ «գործողության ընթացքում Օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել գրոհայինների կուտակման վայրերի և նրանց ենթակառուցվածքների ուղղությամբ, իրականացրել են սիրիացի քաղաքացիներին մարդասիրական բեռների մատակարարում և լուծել են այլ, ոչ պակաս կարևոր խնդիրներ»:










