Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի անվան ՀՀԿ քաղաքական դպրոցի ընդունելությունը (տեսանյութ)

11:47 • 06.10.16

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից հիմնած Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի բազային կուրսի ընդունելությունն այսօրվանից մեկնարկել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Վերջինս նշեց, որ կարևորելով հասարակության, երիտասարդ կադրերի մասնագիտական հմտությունների բարձրացմանն ուղղված անհրաժեշտությունը՝ ՀՀԿ-ն քաղաքական դպրոց բացելու որոշում կայացրեց:

Աշոտյանը նշեց, որ իրենք համապատասխան նախաձեռնող խմբի հետ աշխատել են ուսումնական ծրագրի, դասախոսների ցանկի վրա և այսօրվանից հայտարարում են դպրոցի հոսքերից մեկի՝ հիմնարար, բազային հոսքի ընդունելություն, որը կտևի մինչև հոկտեմբերի 20-ը:

«Քաղաքական դպրոցներ ունեն բազմաթիվ կուսակցություններ, որոնց նպատակը կուսակցական կադրերի վերապատրաստումն է: Բայց ինչպես մնացած դպրոցների պարագայում, այնպես էլ ՀՀԿ-ի, դպրոցում չեն ուսանելու միայն ՀՀԿ-ականներ: Այն բաց է լինելու բոլորի համար՝ անկախ քաղաքական  պատկանալությունից:  Դասախոսական կազմը ևս՝ չի ունենա քաղաքական  պատկանելիություն: Կդասավանդեն ոչ միայն ՀՀԿ-ական քաղաքական գործիչներ, այլև՝ այլ դաշտից անձինք, փորձագետներ, ակադեմիական շրջանակների դասախոսներ նաև արտասահմանից հրավիրված մարդիկ»,- մանրամասնեց  ՀՀԿ փոխնախագահը:

Աշոտյանը փոխանցեց, որ քաղաքական դպրոցում կարող են ուսանել 20-40 տարեկան անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն կամ դրա  ստացման ճանապարհին են:

Ընդունելության համար, նրա խոսքով, հարկավոր է  բացի  փաստաթղթերից ուղարկել նաև մոտիվացիոն նամակ, որից հետո դիմորդը կհրավիրվի բանավոր  հարցազրույցի: Աշոտյանը շեշտեց, որ ուսումն անվճար է լինելու՝ ՀՀԿ-ի հաշվին:

Դասերը մեկնարկելու են նոյեմբերին, ավարտվելու են փետրվարին՝ շաբաթական երեք անգամ, երկուսուկես ժամ տևողությամբ:

Թե ովքեր են դասավանդելու դպրոցում Աշոտյանը չակերտները չբացեց: