ԱՄՆ-ում եղանակի տեսության հաղորդավարն ասել է, որ բոլոր ամերիկացիները «Մեթյու» փոթորկի պատճառով կմահանան (տեսանյութ)

15:08 • 07.10.16

Ամերիկյան Fox News հեռուստաալիքի եղանակի տեսության հաղորդավար Շեպարդ Սմիթն ամերիկացիներին նախազգուշացրել է «Մեթյու» ուժգին փոթորկի հնարավոր հետևանքների մասին՝ ԱՄՆ-ի Արևելյան ափի բնակիչների համար անխուսափելի մահ կանխատեսելով:

 

«Բոլորը, ում դուք ճանաչում եք, կմահանան: Ձեզանից յուրաքանչյուրը կմահանա. ձեզ չի հաջողվի փրկվել: Դա ուղղակի անհնար է: Դուք ողջ կմնաք, եթե ձեր բախտն իրոք բերի: Ձեր երեխաները ևս մահանալու են»,-մեջբերում է lenta.ru-ն հաղորդավարի խոսքերը, որը նման ձևակերպումների միջոցով ցանկացել է ընդգծել փոթորկի ուժգնությունն ու ներկայացրած վտանգի մակարդակը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հաիթիի տարածքում մոլեգնող «Մեթյու» ուժգին փոթորկի հետևանքով զոհերի թիվը կտրուկ ավելացել է՝ 280-ից հասնելով 339-ի:

 

Նշվում է, որ փոթորկին տրվել է հզորության 4-րդ աստիճան:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ավերիչ փոթորիկը շարժվում է Միացյալ Նահանգների ուղղությամբ: Առաջին նահանգը, որ «գրոհելու» է «Մեթյուն», Ֆլորիդան է: Նահանգի խոշորագույն քաղաքի՝ Ջեքսոնվիլի  քաղաքապետը կոչ է արել բնակչությանը տարհանվել: