Դադարեցվել են թուրքական «Ինջիրլիք» բազայից գերմանական կործանիչների թռիչքները
Գերմանիայի զինուժը՝ Բունդեսվերը, որոշում է կայացրել թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայից գերմանական 6 «Տորնադո» կործանիչների թռիչքների դադարեցման մասին, հայտնում է Handelsblatt գերմանական թերթը:
Թերթը գրում է, որ չորեքշաբթի հայտնի է դարձել կործանիչների մասերից մեկում տեխնիկական անսարքության մասին: «Տորնադո»-ի օգտագործումը դադարեցվել է «անձնակազմին ուղղված սպառնալիքներից խուսափելու համար»:
Այս տարվա սկզբին հաղորդվել է այդ վեց «Տորնադո»-ների հետ կապված մեկ այլ խնդրի մասին. օդաչուի խցիկում լուսավորությունն այնքան ուժեղ է եղել, որ կործանիչները հնարավոր էր օգտագործել միայն ցերեկային ժամերին:
Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» բազայում «Տորնադո» կործանիչները և Գերմանիայի ռազմաօդային ուժերի մեկ լիցքավորող ինքնաթիռ տեղակայվել են 2016 թվականի հունվարին: Դրանք մասնակցում են Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի գործողություններին: Բազայում ծառայում է մոտ 200 գերմանացի զինվորական:










