Վանաձորում ծեծված հոգևոր հովիվը պատրաստվում է դատի տալ Հեղինե Բիշարյանին
Օրերս «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ Վանաձորի քաղաքապետի թեկնածու Արկադի Փելեշյանի կողմից ծեծի ենթարկված Ավետարանական եկեղեցու հովիվ, 66-ամյա Ռաֆայել Գրիգորյանը պատրաստվում է դատական կարգով պատասխանատվության կանչել ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հեղինե Բիշարյանին:
«Ես ապշած եմ, երբեք չեմ պատկերացրել, որ Հայաստանում բարոյական էսպիսի անկում գոյություն ունի: ՕԵԿ կուսակցապետուհի Հեղինե Բիշարյանը երեկ «Կենտրոնով» զրպարտությամբ հանդես եկավ ողջ հանրապետության առաջ, թե ես 500 հոգու 10 հազարական դրամ եմ բաժանել և այդ ընդհարմանն արժանացել եմ: Ապշելու բան է: Քննիչն էդ պահին ինձ մոտ էր. ասում եմ՝ բա ո՞նց է նման բան ասում, եթե ես հանցագործ եմ, պիտի ինձ կալանավորեք անմիջապես: Դա զրպարտություն ա: Ու ինքը Հայաստանով մեկ պախարակում է: Երևի էդ տղայի ուղեղն էլ է ինքը մտցրել այդ ստերը, լարել ու ուղարկել իմ դեմ: Էդ տղային իմ դեմ լարել է Հեղինե Բիշարյանը»,-ասաց հոգևոր հովիվը:
Ռաֆայել Գրիգորյանը նաև ասաց, որ կխորհրդակցի իր փաստաբանի հետ, ու, թերևս, ճիշտն այն է, որ դատի տա Հեղինե Բիշարյանին՝ իրեն զրպարտելու համար:
«Խորին ափսոսանք եմ հայտնում, որ ԱԺ պատգամավորը, խմբակցության ղեկավարը նման սուտ է խոսում իմ հասցեին: Դա բացարձակ զրպարտություն է: Վանաձոր քաղաքում դժվար գտնվի մարդ, որ իր ստերին հավատա, բայց, քանի որ ինքը հանրապետությունով մեկ է նման հայտարարություններ անում, ես իմ փաստաբանի հետ կխոսեմ ու երևի դատի կտամ: Թող փաստերը ներկայացնի, ինչո՞ւ է թաքցնում, եթե իրոք փաստեր ունի: Պետք է ապացուցի։ Ի վերջո, չի կարելի անպատասխանատու հայտարարություններ անել: Ասում է՝ փողն էլ վերցրել է շատ բարձր պաշտոնյայից, բայց անունը չի տալիս, թող անունը տա, ինչո՞ւ է թաքցնում: Ինձ բոլոր ճանաչողները գիտեն, որ ես ինձ թույլ չեմ տա նման բան: Էստեղ բոլորը բոլորին ճանաչում են: Երբեք չի եղել էդպիսի բան ու չի կարող լինել: Ես դա մահացու մեղք եմ համարում: Ոնց կարող եմ ես էդպիսի բան անել: Ես ճիշտ եմ համարում, որ դատի տրվի, թող ապացույցները, փաստերը բերի դնի իմ առաջ: Թող ասի՝ ով է էդ բարձրաստիճան անձնավորությունը, ինչո՞ւ չի բացահայտում: Հանցանքը թաքցնելը նույնպես հանցանք է, ինչո՞ւ չի բացահայտում պաշտոնյանին: Եթե ինքը գիտի, փաստեր ունի, ինչո՞ւ անունը չի տալիս: Եթե ինքը թաքցնում է հանցագործ պաշտոնյանին, ուրեմն մեղսակից է հանցագործությանը»,- ասաց Գրիգորյանը:
Վանաձորի ավագանիում Արկադի Փելեշյանի հետագա գործունեության հնարավորության առթիվ հարցին ի պատասխան՝ հովիվ Ռաֆայել Գրիգորյանն ասաց. «Ինձ նույնիսկ թվում է՝ իրենք Փելեշյանին շատ լավ օգտագործեցին, ահագին ձայն ստացան, հետո տրամադրեցին, որ գա էս արարքն անի ու դեն շպրտեն, քանի որ Ական էլ իրանց պետք չի»:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քր.գործով Արկադի Փելեշյանն անցնում է որպես կասկածյալ, նրան մինչ այժմ մեղադրանք չի առաջադրվել:
Հ.Գ. - ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը չպատասխանեց Tert.am-ի հեռախոսազանգերին:










