Գյումրիում պարտված ընդդիմությունը ցանկալին ներկայացնում է իրականության տեղ. Խոսրով Հարությունյան

20:00 • 07.10.16

Պարտված ընդդիմությունը Գյումրու ընտրությունների և ավագանու մանդատների նախնական վերաբաշխման մասին քաղաքական հայտարարություններ է կատարում, փորձում է թվերով մանիպուլյացիա անել՝ ցանկալին իրականություն ներկայացնելով։

Tert.am-ի հետ զրուցում նման տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Գալա»  կուսակցությունների անդամների պնդումներին, թե «Բալասանյան» դաշինքին մանդատներ են տրվում «օդից»։

Ընդդիմության հաշվարկներով՝ դաշինքն ունի 15 մանդատ, ոչ թե 17։ ԲՀԿ առաջնորդ Նարիա Զոհրաբյանն անգամ ասել էր, եթե Նոբելյան մրցանակ լիներ մաթեմատիկայի ոլորտում, ապա կտրվեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին։
 
Խոսրով Հարությունյանի դիտակմամբ ՝ պարզ թվաբանությամբ՝ «Բալասանյան դաշինքին» տրվում է 17 մանդատ, ԲՀԿ-ին՝ 9, ՀՎԿ-ին՝ 5 և «Գալային»՝ 4, և եթե որևէ մեկը ստանում է ձայների 40 տոկոսից ավելին, գործում է համապատասխան բոնուսը։

«Բազմապատկման աղյուսակը ազգային չի կարող լինել, ԿԸՀ-ն, մասնակից կուսակցությունները չեն կարող ոչինչ բստրել»,-մանրամասնեց նա։  

Խոսրով Հարությանը ԲՀԿ-ին, ՀՎԿ-ին, «Գալա»-ին հորդորում է չքաղաքականացնել հարցը և Գյումրու ավագանու աշխատանքներին լծվել, կամ, եթե փաստեր ունեն, հայտարարությունների փոխարեն պայքարի այլ ճանապարհ ընտրեն. «Իմ բարի խորհուրդը երեքին՝ դիմեք դատարան։ Բոյկոտելով, հարցը քաղաքականացնելով ՝ոչնչի չեք կարող հասնել»,-մանրամասնեց նա։

Խոսրով Հարությունը, անդրադառնալով ընդդիմադիրների այն դիտարկմանը, թե «Բալասանյան» դաշինքում էլ գիտակցում են, որ պարտվել են՝ անգամ նման կեղծիքների դիմելու պարագայում, ընդգծեց. «Մեր կուսակցությունից այնտեղ անցել են երեք հոգի ևս։ Էդպիսի ինֆորմացիա չունեմ, որ խիստ մտահոգություններ ունեն, ոչ մի խուճապ գոյություն չունի»։

Անդառնալով Գյումրիում ընդդիմադիրների կոալիցիա կազմելու հարցին՝ Խոսրով Հարությունյանը նշեց, որ իրատեսական չի համարում։

«Չեմ կարծում, որ երկար կյանք կունենա, իրար հետ յոլա չեն գնա»,-եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում